Բաքուն «ալիբիներ» է ձևավորում, «հիմքեր» ստեղծում հետագա գործողությունների համար․ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ուժերի սադրանքները»։ Այս հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է առաջիկայում լոկալ կամ լայնամասշտաբ հարձակման Հայաստանի դեմ։
– Իրականում, նման ենթադրություն անելու համար բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա հիմնվելը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ են օպերատիվ տվյալներ, միշտ պետք է այս հանգամանքը հաշվի առնել, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա են հասկանում՝ կա՞ զորքերի տեղաշարժ սահմանների երկայնքով, թե ոչ։
Իմ դիտարկումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ Հայաստանի հանդեպ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականություն, որն էլ հետագայում վերածվելու է ուժի կիրառման քաղաքականության։ Թե ո՛ր պահից, ընդհանուր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում դա կարող է փոխվել, հաշվի առնելով բավականին բարդ և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, դա արդեն վերլուծությունների հարց է։
Այն, որ Ադրբեջանը ուժի սպառնալիքից հետո մշտապես անցնում է ուժի կիրառման քաղաքականությանը, մենք բազմիցս տեսել ենք, ու այդ ձեռագիրն ակնհայտ է։ Հիմա մենք գործ ունենք ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, երբ պաշտպանության նախարարի մակարդակով, մինչ այդ՝ Իլհամ Ալիևն էր խոսում, ասվում է, թե ներկայիս կառավարությունը ռևանշիստական է: Ֆանտաստիկ երևակայություն պետք է ունենաս, որ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին, որոնք հնարավոր ու անհնար զիջումներն արել են Ադրեջանին, դիտարկել որպես ռևանշիստներ։
Իրականում Ադրբեջանը «ալիբիներ» է ձևավորում, «հիմքեր» է ստեղծում հետագա գործողությունների համար։ Իհարկե, նրանք ունեն պատերազմի մտադրություն ու դրա համար են դա անում, բայց թե ե՛րբ ու ինչպե՛ս, դա արդեն այլ քննարկման հարց է»։
Ավելացնել նոր մեկնաբանություն