7

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. ՊՆ փոխնախարար

Բանակում մահվան դեպքերի առկայությունը անհանգստություն է պատճառում և մեզ համար համարվում է ողբերգալի. ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է այդ դեպքերի կանխումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում «News.am»-ի հետ զրույցում նշել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մտահոգիչ խնդրին:

«Մենք չենք արդարացնում որևէ բան, սակայն երբ ասում են՝ զինվորների մահվան դեպքեր, թվաքանակ, անպայման ցանկալի է ինչ-որ ձևով տեղեկանալ այդ կառուցվածքի մասին, թե այդ թիվը ինչ դեպքերի հիման վրա է գոյանում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր դեպքերը, որոնք հանրության շրջանում մեծ աղմուկ են բարձրացնում, հիմնականում ինքնասպանություններ են: Այդ ամբողջության մեջ նաև այնպիսի դեպքեր են, որ, օրինակ, տրանսպորտային պատահար է, երբ զինծառայողը ծառայությունից դուրս իր տրանսպորտային միջոցը վարելիս զոհ է դարձել, էլեկտրահարվել է ոչ ծառայության վայրում: Այս բոլոր դեպքերը վիճակագրության մեջ արտացոլվում են որպես խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով` քննչական մարմինների գործունեության արդյունքներով նաև այդ մահերի հետ կապված հետևանքներ են լինում այդ դեպքերին որևէ առնչություն, մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ:

Նա պնդել է, որ այդ մահվան դեպքերի մեջ գերակշիռ մասը այն դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված չեն զորամասում տեղի ունեցածի հետ. «Մեզ վիճակը շատ է մտահոգում, այդ խնդիրները վերլուծվում են, վեր են հանվում, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, սակայն դրանք որքանով են բավարարում, որ այլեւս նման դեպքեր տեղի չունենան, բնականաբար, չի բավարարում: Մեր երազանքն է, որ բացառվեն ոչ կանոնադրական հարաբերությունները կամ որևէ այլ միջադեպերը»:

ՊՆ փոխնախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճ չունեն, անգամ ունեն նվազում. «Սա պետք չէ ընդունել որպես արդարացում, բայց դինամիկայի մեջ աճ չունենք»:

Ավելացնել նոր մեկնաբանություն