
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք. Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք մասնակցում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին արդյոք ՀՀ օրակարգում կա՞ մեկնել Բաքու COP29-ին մասնակցելու համար:
«Համենայն դեպս COP29-ի հրավերը և մասնակցությունը դա Ադրբեջանի մենաշնորհը չէ, դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, Հայաստանն էլ ՄԱԿ-ի անդամ է: Կրկնում եմ՝ որոշում չկա, բայց կքննարկենք, կհասկանանք՝ պետք է մեր պետությանը կգնանք, պետք չէ, չենք գնա»,- ասել է Սիմոնյանը:
Պատասխանելով հարցին՝ Հայաստանն արդյոք չի զղջացել, որ աջակցել է այդ միջազգային միջոցառումն անցկացվի Ադրբեջանում, նա ասել է. «Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թե աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան, բա չհամաձայնեի՞նք, ինչ է մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պետք է կայանար, իհարկե, ո՛չ»:
Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը որևէ գործողություն, որը միտված է COP29-ի միջոցառումը չեղարկելուն կամ դրա վրա ազդելուն չի իրականացնում, և դա է ճիշտ համարում:
«Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, դրական դեմքով հանդես գալ, դա գերիների խնդիրն է, ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնվելը, խաղաղության պայմանագիրը և, կարծում եմ, Ադրբեջանը պատմական շանս ունի՝ ինչ դեմքով ու այցեքարտով է հանդես գալու: Կօգտվի, թե չի օգտվի, դա այլ հարց է»,- ասել է ԱԺ նախագահը:
Ավելացնել նոր մեկնաբանություն