Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Երբ փաստերը խանգարում են. ադրբեջանական քարոզչամեքենայի հարձակումները «Գեղարդ» հիմնադրամի վրա

«Գեղարդ» վերլուծական․

Վերջերս ադրբեջանական մեդիա դաշտում հայտնվեց մի հրապարակում, որի հեղինակն իր ագրեսիվ հռետորաբանությամբ հայտնի Էլչին Ալըօղլուն է։ Նրա հարձակման թիրախը «Գեղարդ» հիմնադրամն էր, իսկ պատճառը՝ հիմնադրամի հրապարակումները, որոնք փաստացի ու հիմնավորված բարձրացնում են Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ողբերգական վիճակին վերաբերող հարցերը։

Բովանդակային պատասխանի փոխարեն՝ Է. Ալըօղլուն ընտրել է մեղադրանքների, աղավաղումների և վիրավորանքների լեզուն։ Ինչո՞ւ․․․ Որովհետև փաստերն ամենանպաստավոր գործիքները չեն քարոզչության համար, հատկապես՝ ադրբեջանական։ Հեղինակի կողմից հրապարակված տեքստը կարելի է բնութագրել որպես «կեղծ հայրենասիրական հրապարակախոսություն՝ համընդհանուր բացահայտումների ոճով»։ Մնում էր միայն մի քանի բառ անեծքի ժանրից, և պատկերն ամբողջական կլիներ։

Ցավում ենք, որ հեղինակը գիտական քննարկման և վերլուծության փոխարեն ընտրել է վիրավորանքների և քաղաքական մեղադրանքների լեզուն։ Փաստերի, կառուցողական երկխոսության փոխարեն՝ հույզերի, կարծրատիպերի և կեղծիքների հեղեղ է։ Մյուս կողմից՝ նման հեղինակից դժվար է այլ բան ակնկալելը։

Քաղաքակիրթ բանավեճից հեռու վիրավորանքները, կոպտությունն ու ագրեսիվ հռետորաբանությունը վաղուց դարձել են պարոն Ալըօղլուի յուրօրինակ ոճը։ Այսպես՝ իր հրապարակումներում նա ռուս լրագրողին անվանել էր «գյուղացի ապուշ», ամերիկացի լրագրող Լինդսի Սնելին՝ «հիմար», իսկ Պետդումայի պատգամավոր Ն. Վալուևին՝ «մտավոր հետամնաց և անքաղաքավարի կերպար»։

Ալըօղլուի մոտեցումը պարզ է՝ այն, ինչ անում են հայերը, խաբեություն է, իսկ մշակութային ժառանգության վերաբերյալ բարձրացված հարցերը՝ ադրբեջանական կողմին ոչ ձեռնտու «կեղծիք»։ Ի՞նչ կմնա «փաստերից», եթե հանենք վիրավորանքներն ու հույզերը։ Պատասխանը՝ ոչինչ։

Նկատելի է, որ նույնիսկ իր այս կատաղի քննադատության մեջ Ալըօղլուն գոնե մասնակիորեն ընդունում է մեր ներկայացրած փաստերը։ Սկզբում՝ այո՛, հաստատում է (փաստերը, ինչպես գիտենք, անհերքելի են), ապա փորձում նսեմացնել դրանց նշանակությունը՝ նշելով, որ խոսքը «մասնավոր դեպքերի» մասին է։ Հաջորդը հռետորական հավասարակշռության պարտադիր փուլն է՝ պատասխանատվությունը բոլորի և ամեն ինչի վրա գցել՝ բացառությամբ, իհարկե, Ադրբեջանի իշխանությունների։ Եվ վերջապես, եզրափակիչ ակորդը՝ մեղադրանքներ ներկայացնել Հայաստանի և հայերի դեմ՝ որպես ցանկացած բանավեճ ավարտելու իրեն հատուկ միջոց։ Է. Ալըօղլուն անընդհատ փորձում է սլաքն ուղղել դեպի Հայաստան, որտեղ իբր վանդալիզմը «սովորական երևույթ է»։ Սա անտիկ շրջանից հին ու հայտնի «tu quoque» հնարքի կիրառությունն է՝ «իսկ դու՞ք»։ Հմտորեն մտածված հնարք, որը, սակայն, ոչ աղբն է վերացնում Ադրբեջանում եղած մզկիթների տարածքից, ոչ մշակութային հուշարձաններն է վերականգնում, ոչ էլ սրբատեղիներն է փրկում պղծելուց։

Սա զավեշտ կլիներ, եթե չլիներ ադրբեջանցի փորձագետների՝ որոշակի շրջանակներին բնորոշ բանավեճերի անցկացման ախտանիշը։

Մեկ ուշագրավ պահ կապված Աղսուի հնագիտական համալիրի հետ․ Ալըօղլուն նախ համաձայնում է տարածքի բարձիթողի և աղտոտված լինելու հետ, հետո, չգիտես՝ որտեղից, գտնում է մեղավորին՝ վերացական «տեղի բնակչին» (բայց, իհարկե, ոչ ադրբեջանական իշխանություններին)։ Սա, անշուշտ, արժանի է ծափահարությունների։ Սակայն, եթե աղբ է հայտնաբերվում պետության կողմից «պաշտպանված» հնագիտական սրբավայրի տարածքում, ապա հարց է առաջանում. իրականում ի՞նչ է անում պետությունը, երբ սրբավայրը տարիներ շարունակ լցված է աղբով և ենթարկվում է վանդալիզմի։

Ալըօղլուի տրամաբանությունը՝ «եթե որևէ տեղ եկեղեցի կա, ուրեմն այն աղվանական է», նոր չէ։ Այսպես կոչված «աղվանական տեսությունը» վաղուց վերածվել է տարածաշրջանում հայկական ներկայության մերժման բանաձևի։ Սակայն, անգամ բանաձևերն ապացույցներ են պահանջում։ Իսկ ադրբեջանական քարոզչության՝ «աղվանական=ադրբեջանական, հայկական=կեղծ» թեզն ակնհայտորեն չի դիմանում մասնագիտական քննադատությանը։ Հենց միջազգային գիտական հանրույթն է բազմիցս նշել այդպիսի մոտեցման անհեթեթ ու կեղծ լինելու մասին։

Ի տարբերություն մեր հոդվածի՝ Ալըօղլուի գրեթե բոլոր ելույթներում բացակայում են գիտական փաստարկները՝ հնագիտական տվյալներ, լուսանկարային փաստագրություն, ակադեմիական վերլուծություն, անկախ աղբյուրներին հղումներ։ Փոխարենը՝ կան դատողություններ՝ «ամեն ինչ կեղծ է», «մենք լավն ենք», «հայերը՝ վատը»։ Ի դժբախտություն Ալըօղլուի՝ գիտական վերլուծությունն ավելին է պահանջում, քան՝ «դուք եք հողի մեջ թաղել «հին խաչքարերը», վերաձևակերպել տապանաքարերի բովանդակությունը, ձեզ վերագրել ուրիշի պատմությունը» արտահայտությունները։

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման օրինակներն ակնհայտ են. բավական է հիշատակել Ջուղայի՝ Ադրբեջանի իշխանությունների ջանքերով հազարավոր հին խաչքարերի ոչնչացումը, պարո՛ն Ալըօղլու, այո՛, հենց հայկական խաչքարերի։ Սրանք այն «հին խաչքարերն» են, որոնք ադրբեջանցի «վայ-փորձագետները» փորձեցին ներկայացնել որպես ադրբեջանական և անվանեցին «խաչդաշ»-եր։ Հետո հասկացան, իհարկե, որ դա զառանցանք է․ լավագույն լուծումը Ձեզ և Ձեզ նմանների համար եղավ նույն խաչքարերի ոչնչացումը։ Խաչքարերի ոչնչացումն արձանագրել և դատապարտել են ռուսական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները, այնպես որ, պարոն Ալըօղլուն դժվար թե կարողանա «կռվել» փաստերի դեմ։

Հարկ է հիշեցնել պարոն Ալըօղլուին Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի, եկեղեցիների և այլ կառույցների ոչնչացման վերաբերյալ անհերքելի փաստերի առկայության, նաև այն մասին, թե ինչպես իրենք վարվեցին Նախիջևանի, Գանձակի, Շուշիի եկեղեցիների հետ․․․

Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցին, Ալըօղլուն հերթական անգամ հետևում է փաստերի մանիպուլյացիայի մարտավարությանը․ մոռանում և մեղադրում է հայկական կողմին: Ալըօղլուի հույզերին հակադրվում է այն փաստը, որ 2020 թվականին՝ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել էր տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը գնահատելու նպատակով։ Նման առաքելության իրագործումը կարող էր տեղի ունենալ միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Ավելի ուշ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Էռնեստո Օտտոնեն հայտնել էր, որ կազմակերպությունը բազմիցս դիմել է Ադրբեջանին, սակայն մինչ օրս (անարդյունք) սպասում է պատասխանի:

2023 թվականի նոյեմբերին ադրբեջանական կողմը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ Բաքուն համաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ Աղդամով Ստեփանակերտ այցին՝ «Աղդամում հայկական կողմից պատճառված ավերածությունների փաստաթղթավորում» ձևակերպմամբ։ Սակայն կազմակերպությունը Բաքվին տեղեկացրել է, որ «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում» կստուգվի միայն երկու հուշարձան, որից հետո առաքելությունը կուղևորվի Ստեփանակերտ։ Ադրբեջանը մերժեց ծրագիրը՝ այն անվանելով «կեղծ և ոչ թափանցիկ»։ Օրեր անց՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։

Հարկ է հիշեցնել պարոն Ալըօղլուին, որ, հակառակ Բաքվի կողմից վարվող փակ և ոչ թափանցիկ քաղաքականությանը, Արցախը տարիներ շարունակ բաց է եղել միջազգային կազմակերպությունների, լրագրողների և դիտորդների համար՝ սկսած Եվրախորհրդարանի առաքելություններից մինչև մարդասիրական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «HALO Trust»-ը։

Այլ հարց է, որ Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելող ոչ միայն դիվանագետներն, այլև ցանկացած անձ անխուսափելիորեն հայտնվում էր Ադրբեջանի սև ցուցակում։ Այսպես՝ 2018 թվականին, փաստահավաք առաքելության շրջանակներում, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Ադակտուսոնը (Շվեդիա) իր գլխավոր քարտուղարի հետ միասին այցելեց Արցախ։ Ադրբեջանը խիստ դժգոհություն հայտնեց այս այցի կապակցությամբ՝ այն անվանելով «անօրինական», որից հետո Ադակտուսոնը ներառվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմված «անցանկալի անձանց» ցուցակում։ Նույն թվականին՝ Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքի պատվիրակության՝ Արցախ կատարած այցից հետո, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվեց Արտաքին գործերի նախարարություն, նրան հանձվեց բողոքի նոտա, իսկ Սենտ-Էտիենի քաղաքապետը ընդգրկվեց անցանկալի անձանց ցուցակում։

Տպավորություն է ստեղծվում, որ Ալըօղլուն չի ձգտում ո՛չ երկխոսության, ո՛չ բանավեճի։ Նրա խնդիրն է՝ ոչ թե հերքելը, այլ՝ զրպարտելը։ Եվ սա հասկանալի է. երբ փաստերը սպառվում են, սկսվում են բարբաջանքները։

Այս ամբողջ բառակույտից, ավելի ճիշտ՝ զառանցանքից, ագրեսիայից, դեմագոգիայից և գեղարվեստական ստերից, միակը, որի հետ իսկապես կարելի է համաձայնել, պարոն Ալըօղլուի հետևյալ միտքն է՝ «Հերի՛ք է ստես»։ Ճիշտ է, պարո՛ն Ալըօղլու, բավակա՛ն է ստել։ Սա առաջին հերթին Ձեզ է վերաբերում:

«Գեղարդ» հիմնադրամը, ինչպես նաև հետազոտական մյուս լուրջ կազմակերպությունները, հետևում են մի պարզ սկզբունքի՝ փաստերն ավելի կարևոր են, քան՝ շինծու պիտակավորումները։ Եվ եթե հուշարձանը ոչնչացվում է, քերվում ու քանդվում է, այն պակաս ավերված չի դառնում միայն այն պատճառով, որ համացանցում ինչ-որ մեկը բարձրաձայն գոռում է՝ դա տեղի չի ունեցել։

Իհարկե, միայն Ալըօղլուին մեղադրելը ճիշտ չէ. գործում է մի ամբողջ պետական դպրոց, որտեղ սովորեցրել են՝ որքան բարձր ու համոզիչ ստես, այնքան մեծ է հավանականությունը, որ կհավատան դրան։ Նման տեքստերն ուսումնասիրելով՝ թվում է, թե Ալըօղլուն և նրա նման «մասնագետները» իրականում չեն կարողանում տարբերակել հորիվածքն իրականությունից։ Եվ սա, կներեք, անգամ քարոզչություն չէ․ սա արդեն հոգեկան ախտորոշում է։

Խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ ընտել ավելի փորձառու և պրոֆեսիոնալ «մասնագետների»: Պարոն Էլչին Ալըօղլուի նման հեղինակները, իրենց կրկնվող քարոզչական բառամթերքով և գիտական կեղծ տեսություններով, ոչ միայն վարկաբեկում են իրենց, այլև շոշափելի վնաս են հասցնում քննարկման գիտական հիմքերին։

Դժվար է ավելին ակնկալել մի հեղինակից, որի մասին նույնիսկ իր հայրենակիցներն են ակնարկում որպես օտարերկրյա գործակալի և բնորոշում որպես սադրիչի։ Ինչպես իրավացիորեն նշել է քաղաքագետ Գուրբան Մամեդլին իր ելույթում՝ «Ո՞վ է Էլչին Ալըօղլուն՝ փորձառու սադրի՞չ, թե՞․․․», «եթե պարոն Ալըօղլուն ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ է, գուցե դա հպարտանալու առիթ է (ադրբեջանցիների համար), բայց եթե իսրայելակա՞ն հատուկ ծառայության…»:

Հ․Գ․ Կարող ենք խորհուրդ տալ պարոն Ալըօղլուին թարմացնել ռուսերենի իր իմացությունը, քանի որ հիմնադրամի ամբողջական անունը ««Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամ» է, այլ ոչ թե՝ «Фонд научных исследований и аналитики „Гехард“» (իբրև թե՝ «Գեղարդ» գիտական հետազոտությունների և վերլուծական հիմնադրամ)։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վարդան
Երբևիցե գոյություն չունեցած «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում. իրանագետ
Տիգրան
Մի քանի գրոշ աշխատելու մղումն ու Ադրբեջանի պահանջները․ Տիգրան Աբրահամյան
Իրան
Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում
Իրան
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին
Գերի
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի
Հավաք
4 քահանաներ կանչվել են վարժական հավաքների
Շուշի
Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները օկուպացված Շուշիում են
Իսրայել
Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters
Տարածք
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ
Բաքու
Ադրբեջանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն
Դրոշ
ԱՄՆ-ն 60 օրով վերացրեց իրանական նավթի պատժամիջոցները
Ղրիմ
ԱԹՍ-ների հարվածներից հետո Ղրիմը մնացել է առանց բենզինի, լույսի և տրանսպորտի
ՊՆ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում
Գեղամյան
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
Մենք
Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն
Տաթևիկ
Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ. Տաթևիկ Հայրապետյան
Իրան
Պակիստանն ու Կատարը հայտարարել են բանակցությունների հաջորդ քայլերի մասին
Արաղչի
Կատարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի
Նգն
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ին
Սև
Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Բենիամին
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Հարված
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
Իսրայել
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին
Իրան
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են
Ալիև
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
Գեղարդ
Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»
Տաթևիկ
Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Տաթևիկ
Չկա «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ. կիրառենք ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը. Հայրապետյան
Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական. Զատուլին
Նիկոլ
Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու. Նիկոլ Փաշինյան