
Ես ո՞վ եմ, որ մարդկանց փոխարեն որոշեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի: Եթե մարդիկ իրենք այդ կարծիքին են պիտի գան. Հայրիկյան
Այս անգամ ես ոչ որպես ԱԻՄ նախագահ, այլ որպես անհատ, որը կարևոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի համար կարևոր խնդիրների հարցում, դիմում եմ քաղաքացիներին՝ եթե դժգոհ եք Նիկոլ Փաշինյանից, չդժգոհեն խոհանոցներում կամ անհատական հանդիպումներում, այլ ես այս հնարավորությունն եմ ընձեռնում նրանց:
Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով պատրաստվում է այսօր ժամը 17:00-ին հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Այս պահին ես ուղղակի հնարավորություն եմ տալիս մեր քաղաքացիներին, որ մշտապես դժգոհում են խոհանոցներում կամ անհատական հանդիպումներում, որ նրանք միասին իրենց դժգոհությունը ներկայացնելու հնարավորություն ունենան։ Ի՞նչ զարգացում կապահովի այդ դժգոհությունը, ես կխոսեմ, ի դեպ ասեմ, որ այս պահին սա նախապատրաստական փուլն է, հիմնական հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում, այսօր ժամը 17:00-ին։ Այնտեղ արդեն ավելի մանրակրկիտ կբացեմ այն ծրագրերը, որոնք ինձ թվում են շատ իրական, բայց մի դեպքում, ես ո՞վ եմ, որ մարդկանց փոխարեն որոշեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի։ Եթե մարդիկ իրենք այդ կարծիքին են պիտի գան»,- ասաց նա:
Հայրիկյանը հավելեց, որ ինքը կատարում է իր պարտականությունը, և որ իր պարտականությունն է, տեսնելով ընդհանուր տրամադրությունները, նպաստել, որ այդ տրամադրություններն առարկայական ընթացք ստանան:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, կարո՞ղ է՝ Գորբաչովից լավ տղա է, կամ՝ Նիկոլա Չաուշեսկուից: Նրանք էլ էին պաշտպանված, համ ոստիկաններով, համ էլ ամեն ինչով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն