
Գևորգ Պապոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումներ է տեսնում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դրական զարգացումներ է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարծում է, որ երկու երկրները կստորագրեն խաղաղության պայմանագիր: Պապոյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Այն գործընթացը, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինձ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, գնում ենք դրան ու ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր»,- ասել է Պապոյանը:
Պայմանագրի ստորագրման ժամկետների հետ կապված Պապոյանը չի ցանկացել որևէ բան ասել, սակայն շեշտել է, որ իր տպավորությամբ ընդհանուր զարգացումները դրական են:
«Ես տեսնում եմ, որ դրական զարգացումներ կան, և մենք գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրման»,- նշել է նա:
Նախարարին այս առումով լավատեսության հիմք է տալիս այն, որ կա խոսակցություն, քննարկում, խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերն են փոխանակում կողմերը, սահմանազատման գործընթացն է ընթանում:
Ավելացնել նոր մեկնաբանություն