Իրանի ԱԳՆ. Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը
Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հորմուզի նեղուցը գտնվում է երկու երկրների՝ Իրանի և Օմանի տարածքային ջրերում, և ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետը հիմք կդառնա նեղուցում նավագնացության կառավարման գործողությունների համար», - արաբական միապետությունների հայտարարությանն արձագանքել է Իրանի ԱԳՆ-ն։
Վեց արաբական միապետությունների արտաքին գործերի նախարարները հունիսի 25-ին Բահրեյնում կայացած հանդիպումից հետո մերժել են Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարներ սահմանելու ցանկացած փորձ։
Ստորագրված հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Իրանը և Օմանը բանակցություններ կանցկացնեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարման և դրա հետ կապված ծովային ծառայությունների մատուցման հարցերի շուրջ, երկխոսության մեջ կընդգրկվեն նաև Պարսից ծոցի այլ երկրներ։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ պարզաբանել էր, որ Հորմուզում նավագնացության համար վճարը պայմանավորված է ծառայությունների մատուցմամբ և Հորմուզի նեղուցում, Պարսից և Օմանի ծոցերում բնապահպանական իրավիճակի պահպանմամբ։ Միաժամանակ, Իրանը պարտավորվել է ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման պահից 60 օրվա ընթացքում Հորմուզով անցնող նավերից որևէ վճար չգանձել։
Իրանն ու ԱՄՆ-ը հունիսի 18-ի գիշերը հեռավար ստորագրել են հուշագիր, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետները, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Ավելացնել նոր մեկնաբանություն