Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սրա առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճին, պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը:
Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով, հիմնականում` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով և որպես ժամկետ է սահմանված 2027 թվականը:
Ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է:
Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
Այս միտումների ու տեմպի պարագայում, պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն ոչ միայն չի ունենալու, այլ ենթադրաբար նոր` խոշոր ռեսուրսներ պետք է ուղղի, համալրման խնդիրը ինչ-որ ձևով լուծելու ուղղությամբ:
Ըստ այդմ` իշխանությունն այս հայեցակարգում այսպիսի ուղենիշ է սահմանել, հիմքում ունենալով 2 նպատակ:
Առաջին, սա ունի նախընտրական համատեքստ և նախատեսված է 2026 թվականի ընտրությունների ժամանակ որպես հանրային առումով զգայուն հարց շահարկման դնելու համար` ինչպես արեց 2021 թվականին, ինչն անշուշտ հնարավոր չի լինի իրագործել:
Երկրորդ, առավել վատ վարկածս կապված է Ադրբեջանի` ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջի հետ, ինչը ենթադրում է սպառազինության, զինտեխնիկայի և բանակի թվակազմի անգամներով կրճատում:
Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու»,- գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն