Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Հոկտեմբերի 27-ին՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մահացու հարձակումից 3 տարի անց, Իսրայելում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք շատերն անվանում են երկրի պատմության մեջ ամենակարևորը։ Դրանք ոչ միայն կորոշեն Բենիամին Նեթանյահուի և նրա հակառակորդների քաղաքական ապագան, այլև հստակ ցույց կտան, թե ինչ է ուզում իսրայելական հասարակությունը ռազմական և քաղաքական ցնցումներից հետո․ գրում է BBC-ն։
Մասնագետների մեծ մասը համաձայն է, որ հոկտեմբերի 7-ից հետո դա այլևս ձախ և աջ գաղափարախոսությունների պայքար չի լինի, քանի որ իսրայելական քաղաքականության ձախ թևը զգալիորեն նոսրացել է։
Այս ընտրություններում իսրայելցիները հիմնականում կքվեարկեն այն գործչի օգտին, որը կարող է ոչ միայն առաջարկել անվտանգության նոր ռազմավարություն՝ Իսրայելի ներքին օրակարգի գլխավոր կետը, այլև պատասխանել հասարակության մեջ առկա բազմաթիվ հարցերի՝ ինչպե՞ս հնարավոր եղավ հոկտեմբերի 7-ի կոտորածը, ո՞վ պատասխանատու կլինի, և ինչպիսի՞ն է պետության ժողովրդավարական ինստիտուտների ապագան։
Երեսունյոթ կուսակցություն պայքարում է Քնեսեթի 120 տեղի համար։ Ակնկալվում է, որ դրանցից միայն մոտ 11-ը կհաղթահարի 3.25% ընտրական շեմը և կմտնի խորհրդարան, որից հետո մեկ թեկնածու պետք է կազմի կենսունակ կառավարական կոալիցիա։ Խորհրդարանական մեծամասնություն ապահովելու համար կուսակցությանը կամ դաշինքին անհրաժեշտ է 61 տեղ։
Տեխնիկապես ընտրական շեմը հաղթահարող ցանկացած կուսակցության առաջնորդ կարող է դառնալ վարչապետ, եթե նրանք կարողանան ձևավորել կոալիցիա, որը վայելում է Քնեսեթի անդամների մեծամասնության աջակցությունը։ Այնուամենայնիվ, ամենաշատ տեղերը շահած կուսակցության առաջնորդը սովորաբար առաջին հնարավորությունն է ստանում կառավարություն ձևավորելու։
Կարող է նաև դիտարկվել վարչապետի ռոտացիոն սխեման՝ որոշակի համաձայնությունների դեպքում։
Բենյամին Նեթանյահուն այս ընտրություններին է գնում՝ օգտագործելով ապացուցված մարտավարություն, որը նրան օգնել է տասնամյակներ շարունակ հաղթել, բայց շատ փորձագետներ կարծում են, որ այս անգամ դա կարող է բավարար չլինել։
Նեթանյահուն և նրա ծայրահեղ աջ կոալիցիայի գլխավոր մրցակիցը ներկայում Գադի Այզենկոտն է՝ «Յաշար» (Առաջ) կուսակցության առաջնորդը։ Բոլոր տեսակի կուսակցությունները՝ աջ, ձախ և կենտրոնամետ, միավորված՝ Նեթանյահուին իշխանությունից հեռացնելու ցանկությամբ, արդեն պատրաստ են միանալ նրա դաշինքին։
Շատերը կարծում են, որ Այզենկոտը Նեթանյահուի ամենալուրջ հակառակորդն է տասնամյակների ընթացքում։ Նա կենտրոնամետ է՝ անվտանգության հարցերում աջակողմյան հակումներով, և կարող է գրավել Բիբիի ավանդական բազայի մի մասը, որը վաղուց այլընտրանք է փնտրում իր գաղափարախոսական ճամբարում։
Այզենկոտը, որ պաշտպանում է հաշվետվողականությունը, քաղաքական բարեփոխումները և ազգային միասնությունը, կտրուկ քննադատում է Նեթանյահուի ղեկավարությանը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ և հետո ձեռնարկված գործողությունների համար։
Իսրայելի ռազմական գործողությունները պաշտպանելով հանդերձ՝ նա միաժամանակ պնդում է, որ կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել հոկտեմբերի 7-ի հարձակման հետ կապված ձախողումների վերաբերյալ։
66-ամյա Գադի Այզենկոտը գլխավոր շտաբի նախկին պետն է։ Գործընկերները նրան նկարագրում են որպես լուրջ, անմիջական մարդ, որը չգիտի, թե ինչպես մանևրել։
Աղբյուր` ABC MEDIA
Ավելացնել նոր մեկնաբանություն