Submitted by detq-editor on
ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Սիմոնյան

ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Սիմոնյան

Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը  բավարար չեն Հայաստանի համար, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալ-գնալով միայն հարցը չի լուծվում: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանում մտավախություն կա՝ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, Սիմոնյանը պարզաբանել է. ««ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որը ՀԱՊԿ-ը չի ասում, թե դուրս է գալիս ՀՀ-ից, գլխավոր քարտուղարն էլ պաշտոնական այցով եկել էր Հայաստան, ԱԺ նախագահը նշել է՝ գալը չի նշանակում, թե դուրս չի գալիս: «Որ եկել է, ի՞նչ, որ եկավ, ի՞նչ փոխվեց»,- ասել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է. «Չկա որևիցե քայլ, որն անելու համար ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ խոչընդոտում է: Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ-գնաց, թող գան, գնան, հարցը դրանով չի լուծվելու: Իրենք կգան, կգնան, դա չի խանգարի, օրինակ, 2 օր հետո որևէ գործողության: Դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոնյաների այցելությունից հետո»:

ԱԺ նախագահը նշել է՝ անկախ նրանից, թե որ համակարգում է երկիրը, Հայաստանը մշտապես փորձում է, փնտրում է ու աշխատում է հնարավոր բոլոր ձևերով ապահովել անվտանգությունը: Եվ դա հաճախ բավականին սուր արձագանք է ստանում  ՀԱՊԿ անդամ երկրների կողմից: «Դրա պատճառով են այդ սուր արձագանքները: Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մեր ստորագրությանը: Եվ այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի այն գործողությունները, այն արձագանքը, որ կան, ՀՀ-ին բավարար չեն»,- եզրափակել է Սիմոնյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն