Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինկենից

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ: Մենենդեսն իր վրդովմունքն արտահայտել է հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ»,- ասել է Մենենդեսը:

Նա նշել է, որ Պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:

«Կարո՞ղ եք բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչու ենք մենք ցանկանում զինվորական կրթություն և վերապատրաստում տրամադրել ագրեսոր պետությանը, որը հարձակվում է իր հարևանի վրա և ոտնահարում (այդ երկրի - խմբ.) քաղաքացիների իրավունքները»,- Մենենդեսը հարց է ուղղել Բլինքենին:

Վերջինս ասել է․ «Դրա համար կան պրակտիկ պատճառներ, որոնցից մեկն է՝ ամրապնդել նրանց ուժերի, մեր ուժերի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը. նրանք զբաղվում են խաղաղապահ գործունեությամբ: Նրանք Իրանի հետ ունեն երկար սահման, որը պաշտպանության կարիք ունի: Բայց նաև մենք կարծում ենք, որ իսկապես օգտակար է մեծացնել նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե՝ կողմնորոշումը»:

Այս պատասխանը վրդովեցրել է Բոբ Մենենդեսին:

«Հուսով եմ՝ այդ արևմտյան կրթության ժամանակ չեն նրանք սովորել այն, ինչ արել են՝ շրջափակելով այդ մարդկանց, հակամարտություն սկսելով, 6500 զոհ, հուսով եմ՝ դա չէ արևմտյան կրթությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ լսումների ժամանակ Բլինքենը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել:

Ավելացնել նոր մեկնաբանություն