Submitted by detq-editor on
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցություններ վարել՝ ադրբեջանական կողմին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելուն և դիրքային առաջխաղացում ապահովելուն։

«Ադրբեջանը, ճնշումներ գործադրելով, փորձում է պարտադրված բանակցությունների կամ քաղաքական քննարկումների ֆոն ստեղծել։ Միջազգային հանրության թողտվությամբ, Արցախի շրջափակման պայմաններում գործնական քայլեր չանելու պատճառով Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր որդեգրած քաղաքականությունը՝ ճնշումներ գործադրել և լիակատար շրջափակել Արցախը։ Նման ճնշումներով գլոբալ առումով էթնիկ զտումներ ու նաև ցեղասպանության  նախապատրաստման աշխատանքներ են իրականացնում, որ հասնեն իրենց նպատակներին։ Բայց ճնշումների միջոցով չի ստացվելու իրականացնել այդ նպատակները, մենք չենք պատրաստվում այդ ճնշումների արդյունքում գնալ ինչ-որ զիջումների՝ «ինտեգրացիայի», չի կարող նման բան լինել։

Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում. մենք ասել ենք՝ կան միջազգային հստակ երաշխիքներ, միջազգային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը վարում էր բանակցություններ և միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն էր՝ երեք սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։ Եթե կան այդ միջազգային երաշխիքները, և Արցախը՝ որպես առանձին լիիրավ բանակցային  կողմ, ճանաչվում է միջազգային ձևաչափում, մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների այդ երեք սկզբունքների հիման վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը միջազգային բոլոր իրավունքների կոպտագույն խախտումներով փորձում է ճնշումների միջոցով ստեղծել այն ֆոնը, թե իբր իրենք բանակցում են կամ իրենց ասածով՝ հայ բնակչության հետ բանակցություններ են վարում «ինտեգրացիայի» շուրջ։ Կարծում եմ՝ նոր ձևաչափեր՝ բրյուսելյան, ամերիկյան, կամ այլ ինչ-որ բան ստեղծելու կարիք չկա, ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարի բանակցություններ է վարել, այս նույն ձևաչափի շրջանակում էլ պետք է շարունակել բանակցությունները նույն սկզբունքների հիման վրա։ Ես սա ռեալ եմ համարում, իհարկե, պետք է համանախագահող երկրները կամք դրսևորեն, որ այդ ձևաչափը լիարժեք սկսի աշխատել։ Իհարկե, որոշակի խնդիրներ, հակադրություններ կան այդ առումով  համանախագահող երկրների միջև, նախկինում էլ են եղել, բայց այս ձևաչափում արդյունավետ աշխատում էին»,- ասել է Արթուր Հարությունյանը։

Արցախի իշխող ուժի պատգամավորն ընդգծել է՝ Հաագայի միջազգային դատարանի որոշման կատարման ապահովումը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բայց մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանը չի կատարում դատարանի պահանջները, և Արցախը շարունակում է շրջափակված մնալ։

Արցախի ԱԳՆ-ն երկու օր առաջ տարածած հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում էր կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։

Արթուր Հարությունյանն ասել է՝ Ադրբեջանը միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից գործնական քայլեր չանելուց է ոգևորվում և շարունակում այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք  տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարում են։

Իսկ ի՞նչ անել, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ապահովում դատարանի որոշման կատարումը․ Արթուր Հարությունյանը հղում է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

«Ռուսաստանի Դաշնությունը ռուս խաղաղապահների զորակազմի ներկայությամբ պետք է ապահովի եռակողմ հայտարարության կատարումը։ Մենք հղում ենք անում թե՛ 2020 թվականի եռակողմ հայտարարությանը, թե՛ Հաագայի դատարանի որոշման կատարմանը, պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն, այլապես Ադրբեջանը շարունակելու է էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականությունը և հասնելու է իր նպատակին՝ հայաթափել Արցախը։ Իսկ «ինտեգրացիայի» մասին խոսակցությունները  միջազգային հանրության համար աչքակապություն  են»,- հավելել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն