Submitted by H.Aslanyan on
Հայ դատ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել: Այս մասին հայտարորւթյուն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

«2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի շահերի պաշտպանությամբ։

Միևնույն ժամանակ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ է տարել ընտրություններում։

Հայ դատի հանձնախմբի գործունեության ամենանշանակալի արդյունքը գրանցվել է Նյու Հեմփշիրում, որտեղ կոնգրեսական Քրիս Փափասը հաղթել է նախկին սենատոր Ջոն Է. Սունունուին, որն անձամբ միլիոնավոր դոլարների բաժնեմաս ունի օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերությունում, որը շահագործում է բռնազավթված Արցախում գտնվող հանքավայրը։

Ընտրությունների արդյունքները և դրանցում Հայ դատի հանձնախմբի ներգրավվածությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նշել է.

«Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչներն այլևս չեն կարող անպատիժ կերպով գաղտնի յուրացնել Ալիևի կաշառքները։ Այլևս՝ ոչ։ Մենք Բաքվի կոռուպցիան ստվերից դուրս բերեցինք և այն հասցրինք հեռուստատեսային նախընտրական գովազդների միջոցով հանրային քննարկման՝ այդ կեղտոտ փողերը վերածելով քաղաքական պատասխանատվության։ Նրանք կարծում էին, թե կարող են շարունակել անվճար օգտվել այդ գումարներից։ Ընտրությունների գիշերը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նրանց պատասխանատվության կանչեց։ Ադրբեջանի նավթադոլարները, որոնք նախկինում օգնում էին ձայներ հավաքել, այժմ նրանց համար ձայների կորուստ են արժենում։ Սա ծառայություն է մեր համայնքին և մեր երկրին»։

Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում՝ 120-րդ գումարման Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի ուշադրության կենտրոնում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները պահելու ուղղությամբ՝ միաժամանակ նախապատրաստվելով 2028 թ. նախագահական և Կոնգրեսի ընտրություններին։

Ամերիկահայերը կարող են ծանոթանալ ընտրությունների արդյունքներին և աջակցել համայնքի օրակարգի առաջմղմանը՝ մասնակցելով հանձնախմբի համազգային առցանց հանդիպմանը, որը կրում է «Մեր աշխատանքը սկսվում է հիմա․ միջանկյալ ընտրությունների հետընտրական վերլուծություն և գործողություններ» խորագիրը։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ հինգշաբթի, ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 21։00-ին։

Ընտրությունների ամբողջական արդյունքները հասանելի են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի  ընտրական հարթակում։

Փափասի հաղթանակը

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Փափասը աջակցել է արցախցի փախստականներին, հետևողականորեն հանդես է եկել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման օգտին և պաշտպանել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Politico-ի ձեռք բերած՝ մայիսի 11-ի ֆինանսական հայտարարագրում նրա մրցակից Սունունուն հայտնել էր, որ ունի մինչև 5 միլիոն դոլարի բաժնետոմսեր Anglo Asian Mining ընկերությունում։ Նա նաև հայտարարագրել էր իր բաժնեմասը Sununu Holdings LLC ընկերությունում, որը Anglo Asian Mining-ի երկրորդ խոշոր բաժնետերն է։

Սունունուի հայրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Հ. Սունունուն, և եղբայրը՝ Մայքլ Սունունուն, ընդգրկված են ընկերության տնօրենների խորհրդում։

2022 թ. Ադրբեջանը Anglo Asian Mining ընկերությանը հանձնել էր Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձի հանքավայրը՝ հայերի՝ այդ տարածքից բռնի տեղահանվելուց մեկ տարի առաջ։

Հայ դատի հանձնախմբի համայնքային ծրագրերի տնօրեն Գև Իսկաջյանը և ծրագրերի տնօրեն Մայքլ Թաթևոսյանը հուլիսի 27-ին հրապարակված հոդվածում անդրադարձել էին Սունունուի այդ կապերին։

«Թափանցիկությունը երկկողմանի փողոց է Նյու Հեմփշիրի լարված սենատորական ընտրապայքարում» վերնագրով հոդվածը հրապարակվել էր NH Journal-ում։

Հայ դատի հանձնախմբի քարոզչական աշխատանքների շնորհիվ այս հարցը մինչև ընտրությունների օրը մնացել է Նյու Հեմփշիրի ընտրողների ուշադրության կենտրոնում, իսկ նախընտրական հեռուստագովազդների միջոցով այն ներկայացվել է նաև լայն հանրությանը։

Սենատի բոլոր յոթ թեկնածուների հաղթանակը

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Սենատի բոլոր յոթ թեկնածուները հաղթանակ են տարել ընտրություններում։

Միչիգանում հաղթել է Աբդուլ Էլ-Սայեդը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր․

«Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անվերապահ քաղաքականությունը՝ շարունակվող վայրագությունների պայմաններում, միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Որպես Միչիգանից ընտրված հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների խաղաղության, արժանապատվության, անվտանգության ու ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև միջազգային իրավունքը»։

Կոնգրեսում իրական վերահսկողության հաստատումը

Քանի որ իշխանության փոփոխություն է տեղի ունեցել թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում, 2006 թվականից ի վեր առաջին անգամ միջանկյալ ընտրությունների արդյունքում երկու պալատներում էլ փոխվել է կուսակցական մեծամասնությունը։

Ամերիկացիները վերադարձել են իշխանության բաժանված համակարգին, երբ Սպիտակ տունը գտնվում է մի կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Կոնգրեսի ղեկավարումը՝ մյուսի ձեռքում։

Իշխանության այս հավասարակշռությունը վերականգնում է Սահմանադրությամբ ամրագրված զսպումների և հակակշիռների համակարգը՝ ընդլայնելով Կոնգրեսի հնարավորությունները՝ հարցեր բարձրացնելու, հետաքննություններ անցկացնելու և գործադիր իշխանությանը պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ամերիկահայերի տեսանկյունից՝ իշխանության այս դասավորվածությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Կոնգրեսը վերահսկողություն իրականացնի Թրամփի վարչակազմի՝ 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումներից հրաժարվելու որոշումների և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նկատմամբ։

Կոնգրեսի վերահսկողությունը կարող է տարածվել նաև Թրամփի առաջարկած «Խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի» (TRIPP) նախագծի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում ԱՄՆ դիվանագիտական ջանքերի վրա։

Հայկական հարցերով Կոնգրեսի խմբի ղեկավարների վերընտրությունը

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Ներկայացուցիչների պալատի թեկնածուները հաղթել են մինչ այժմ արդյունքներն ամփոփված 55 ընտրապայքարներից 50-ում՝ 120-րդ գումարման Կոնգրեսում ապահովելով հայկական շահերին աջակցող հզոր երկկուսակցական խմբի շարունակական ներկայությունը։

Այդ խմբի առաջատարներն են Հայկական հարցերով Կոնգրեսի խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխնախագահ Բրեդ Շերմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Միրզոյան
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Հութի
Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոհ է գրանցվել
Էրդողան
Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան
Հորմուզ
Պարտիզանական մարտավարություն և ստորջրյա ԱԹՍ-ներ. Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
Ուկր
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա
Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ադրբեջանական բեռների տարանցմանը․ Միրզոյան 
Իրան
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին
Բերդ
Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը կդադարեցվի
Հայ դատ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել
Տիգրան
Մերժելի է թե՛ ադրբեջանական օրակարգը, թե՛ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը․ Աբրահամյան
Փաստ
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Պուտին
Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ և ձգտում է համագործակցության․ Պուտին
Թրամփ
Թրամփը խոստովանել է, որ հանրապետականները պարտվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով
Մարիա
Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի. Զախարովա
Հութի
Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին
Սենատ
ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը
Ընդդիմություն
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Թրամփ
ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
ԳՇ
Բանակում ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրում է մասնագիտական հանձնաժողով․ ԳՇ պետ
ԱԺ
Թուրքիան հերքել է Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնելու մասին լուրերը
ԱՄՆ
ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին. դեմոկրատները մեծամասնություն ստացան
Իրան
Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ
ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատն ընդդեմ Հայաստանի․ այն վերաբերում է քառօրյա պատերազմին
Դրոշ
ԱՄՆ-ն շարունակում է Կիևին զինամթերք մատակարարել եվրոպական երկրների միջոցով
Ադրբեջանցի
Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել. ՔԿ նախագահ
Նիկոլ
Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցելու համար 2027 կամ 2028 թվականներին․ Փաշինյանը՝ Euronews-ին
Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին
Մակ
ՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևը
Իրան
Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
Մասուդ
Եթե ժողովուրդը մեզ հետ է, թշնամին անզոր կլինի. Փեզեշքիան