Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոհ է գրանցվել
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիներին պատկանող բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 12 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից տների վրա իրականացված ավիահարվածների զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 15 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների խոսնակ Յահյա Սարին նոյեմբերի 4-ի երեկոյան հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան F-15 և Typhoon ինքնաթիռներով վերջին 24 ժամվա ընթացքում 104 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Սանայի, ալ-Ջաուֆի, ալ-Բայդայի, Սաադայի, Ամրանի, Մարիբի, Թաիզի և Լահջի ուղղությամբ:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ հութիների դեմ իրականացվող հարձակման ընթացքում, գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ավելի խորն են առաջ շարժվում դեպի ալ-Ջաուֆ նահանգի արևելքում գտնվող ալ-Դահիդա լեռնաշղթան։
Եմենի բանակի լրատվական ծառայությունը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են կառավարական ուժերը Թաիզ և ալ-Հազմ քաղաքներում հարվածներ հասցնում հութիների հավաքատեղիներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն