Submitted by detq-editor on
armenuhiu

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետև կա՛ն մշտական շահեր․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Ասվում է, թե չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր: Մենք նախադասության առաջին մասը ընկալում ենք տառացի, մակերեսայնորեն, որովհետև ականջի կողքով ենք անցկացնում երկրորդ մասը։ Ուշադիր լինենք՝ կան մշտական շահեր։ Եվ շահ ասվածը միայն եկամուտն ու շահույթը չեն, այլ՝ հեռահար նպատակները, ծրագրերը, երազանքները։ Հիմա մեր, որպես հայի, մշտական շահը մեր բնօրրանի, հայրենիքի մեծ մասը զավթիչից՝ թյուրքից վերջապես ազատելն է։  Թյուրքի մշտական շահը մեզնից վերջապես ազատվելն է, որովհետեւ քանի դեռ կանք մենք՝ թեկուզ փոքրաթիվ, հարմար պահին հայկական գործոնը միշտ խաղարկվելու է թյուրքի դեմ։ Այսինքն՝ եթե մենք ձևակերպում ենք մեր մշտական շահը, ապա ակնհայտ է, որ թյուրքը մեր մշտական թշնամին է։ Ուրեմն՝ կան մշտական թշնամիներ, որովհետև կան մշտական շահեր։

Թյուրքը մեր մշտական թշնամին է, որովհետև մեր հանդեպ նրա քաղաքականությունը մշտապես չի փոխվում, և նա մշտապես մեկ նպատակ ունի՝ մեր իսպառ բնաջնջումը։ Եվ նա իր այս ծրագիրը հաջողելու հարցում մշտապես արթուն է՝ ի տարբերություն մեզ։

Մեզ շատ կեղտոտ քարոզչական խաղի զոհ են փորձում դարձնել։ Ասվում է՝ ճանապարհների ապաշրջափակո՞ւմ։ Աստծու սիրուն, դրան ընդհանրապես ոչ ոք դեմ լինել չի կարող, երբ դրկիցդ հարևան է, հակառակորդ է կամ քեզ հետ ինչ-ինչ շահերի բախում ունեցող պետություն։ Բայց՝ ո՛չ թշնամի։ Որովհետև երբ դրկիցդ թշնամի է, նրա միակ նպատակը քեզնից խլած ու իրենը դարձրած տարածքը քեզ մնացած տարածքի վերջին մասի հաշվին ընդլայնելն է՝ ամեն գնով։ Ու քանի որ այդ տեսակ «դրկիցիդ» վերագրվող բառը հակառակորդն է, թշնամու կերպարը չի ձևավորվում-հասունանում։ Եվ մենք մնում ենք թմրած։ Թմրած ժողովուրդ ու հասարակություն։ Առանց ազգային բաղադրիչի։ Պետությունն իր գործը, որ հանուն ազգային անվտանգության պիտի անի՝ դպրոցից սկսած, չի անում (անհատական դրսևորումներով համընդհանուր հարց չի լուծվում)։ Իսկ հասարակություններն ինքնակրթմամբ չեն զբաղվում։ Այդ պատճառով էլ մեզ համար լղոզված են հակառակորդ, մրցակից, թշնամի, ախոյան հասկացությունները։ Ու դրանք «ամբողջանում» են այնտեղ, որտեղ սկսվում է թշնամական երկրից ներկրված էժան վարունգ-լոլիկ, ելակ, փալաս-փուլուսը…

Մեզ շատ զզվելի քարոզչական խաղի զոհ են փորձում դարձնել։ Լեոնիդ Ենգիբարյանն ասում է՝ «դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում»։ Քանի՜ դիմակ ենք կրում հիմա՝ անկրթությա՞ն, չիմացությա՞ն, մոռացկոտությա՞ն, ինքնախաբեությա՞ն… 1915-ը մոռացա՞նք։ Գուցե։ Դե, տատին, պապին չենք լսել, չենք կարդացել, չենք ուսումնասիրել, կերել ենք-մեծացել ենք, գենետիկ հիշողությունն էլ մեզ հասնելուն պես սառել-քարացել է կամ մեր ծնվելուն պես ճողվածք է տվել, վերջը՝ մեղավորը մենք չենք, բժշկական բացատրությունն էլ ինչ կասի՝ կասի։ Բա 2020-ն էլ մոռացա՞նք։ Գրեթե տուն չկա, որ կորուստ չունի՝ անմիջական կամ ընտանեկան-տոհմային։ Ի դեպ, եթե ուզում ենք մոռանալ, հանգիստ լինենք, այստեղ էլ մեզ կփրկի մասնակի ամնեզիայի բացատրությունը։ Ամնեստիկ խանգարումների քանի՜ տեսակ կա, միշտ մի տեսակը կգա փրկելու, եթե որոշենք մոռանալ 2020-ից ցայսօր թյուրքական բոլոր հարձակումները, մեր կորուստները՝ մարդկային ու տարածքային։ Ամնեզիան մեզ կօգնի հավատալ թյուրքի հետ խաղաղությանը։ Ամնեզիան մեզ կօգնի արդարացնել մեր կուրությունը, թմրությունը։ Սա՛ է քարոզչական վտանգավոր խաղի հետևանքը։

 Ի՞նչ ենք ուզում մենք։ Ազգային պատվախնդրություն, որին թյուրքը տալիս է ռեւանշիզմ անունը, միջազգային հանրույթ կոչվածն էլ մեզ ներշնչում է, թե թուլակամ ենք, անուժ ենք, ու իրենք վերջապես մեզ խաղաղություն են բերելու։ Մեր թույլ լինելու քարոզչությունը այնպիսի արդյունավետությամբ է տարվում, որ հանրության մի շերտ սկսել է հավատալ դրան։ Իսկ այդ քարոզչությունն իրացվում է, որովհետև չկա հակառա՛կ քարոզչությունը, թե՝ մենք թույլ չենք, նորից ոտքի ենք կանգնելու, թե թյուրքի կողմից մեր հողերի օկուպացումը չի նշանակում, թե մեր պայքարն ավարտվել է։ 44-օրյային հայ ռազմիկն ի՜նչ արեց, պայքարեց։

Արմենուհի Մելքոնյան 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն