Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակին:
Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրագայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը:
«Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա: Եվ դրա միջոցը Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է: Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում են մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն ու գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից: Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,- ասել Փաշինյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն