Նույն դիրքերից ՀՀ ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ գործարկվեց նոր ճանապարհ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ․ ապրիլի 1-ը:
«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկություններին՝ նա նշել է. «Դրանք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական մի բլոկբաստեր: Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ:
Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը հետևյալն է՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»:
Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Մինչ Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունն էլ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում էին ադրբեջանական բանակի կողմից նոր բարձունքների և ճանապարհների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն