Մենք դասալիքների ազգ չենք, մենք հերոսների ազգ ենք. Գեղամ Նազարյան
Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Իսկապե՞ս, իրո՞ք մենք ունենք 11 հազար դասալիք: Ոչ, ես առավել քան համոզված եմ, որ ոչ: Պատերազմի ամբողջ ընթացքն ուսումնասիրել եմ բավական խորը ու պնդում եմ, մենք չէինք կարող նման մասշտաբի դասալքություն ունենալ: Եւ այստեղ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում: Այսպես, որտեղի՞ց որեւէ բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնող մի կնոջ այս թիվը, տեղեկությունը: Եւ եթե իրոք այս թվին մոտ կամ շատ հեռու մի թիվ կա, որը վերաբերում է դասալիքներին, մի՞թե այն չի հանդիսանում պետական գաղտնիք: մի՞թե նման թվի հրապարակումն ուղիղ հարված չէ մեր պետության եւ ազգային անվտանգությանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հորդորում եմ, կոչ անում պարզաբանել, թե ո՞վ է այս կնոջը, առեւերույթ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հայտնել: Նույն կառույցի ղեկավարին կոչ եմ անում ճշտել, թե արդյոք այս տեղեկությունն ԱԱԾ-ն է հայտնել նրան կամ նրա ամուսնուն: Եւ բոլոր դեպքերում համապատասխան կառույցները պետք է հետամուտ լինեն եւ պարզեն, թե ինչու է հրապարակվել այս թիվը, ում հորդորով եւ հանձնարարականով:
Իհարկե, չի բացառվում, որ մտածածին թիվ է հրապարակվել է, բայց միեւնույնն է, այս հարցը պարզաբանման կարիք է զգում:
Հանրությունը երկար ամիսներ է կոչ է անում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների եւ գերիների ցանկը, բայց կառավարությունը խուսափում է, կոչ անելով բավարարվել «1000 դրամների» հիմնադրամի ցանկով, բայց դասալիքների թիվ է հրապարակվում:
Փորձ է արվում հայ մարդուն համոզել, որ նա վախկոտ դասալիք է: Փորձ է արվում ՀՀ քաղաքացուն համոզել, որ նա անզոր է եւ ինչը մնում է անել, հանձնվել թշնամու ողորմածությանը:
Կոչ եմ անում, պահանջում եմ ԱԱԾ-ին հրապարակել այն վայրի հասցեն, որտեղ գտնվել է այս կինն ու իր «Էրոատո» անվանումով ջոկատը պատերազմի օրերին: Եթե ԱԱԾ-ն դժվարանա, ապա հուշեմ, զրուցեք Տեղ գյուղի բնակիչների հետ, որոնք հաստատ կօգնեն այս հարցով:
Մեր բանակը հերոսների բանակ է, բայց ոչ դասալիքների: Մեր բանակն ու զինվորն այնքան հզոր է, որ անհամաչափ ահռելի մեծ ուժի դեմ կռվել են քաջաբար, կռվել ու պահել տարածքի մեծ մասը, որը հետո գրչի մեկ հարվածով հանձնվեց, երբ անգամ Ալիեւը պատերազմից հետո հարցազրույց տալով ասաց, որ ստորագրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, քանի որ իր բանակն այլեւս ուժ չուներ կռվելու, հատկապես լեռնային տարածքում:
Ամենահավաստի տեղեկություններով մեր հերոսները թշնամուն 18-20 հազարի մարդկային կորուստ են պատճառել: Սա է հայը:
Մեզնից յուրաքանչյուրը ճանաչում է իր շրջապատից տասնյակ մարդկանց, որոնք պատերազմի օրերին թակում էին զինկոմիսարիատների դռները, որ Արցախ մեկնեն, բայց մերժում էին ստանում: Մեզնից յուրաքանչյուրը կճանաչի մարդկանց, որոնք մի կերպ, իրենց ուժերով են հասել Արցախ ու կռվել: Այսքանից հետո դեռ փորձում են հային վախկոտության մեջ մեղադրել»։
Ավելացնել նոր մեկնաբանություն