ԵՄ-ի դիտորդների տեղակայումը կարող է զսպել Ադրբեջանին լայնածավալ հարձակումից. «Stratfor»
«Stratfor» կենտրոնի վերլուծաբանների հրպարակած զեկույցի համաձայն՝ ներկա պայմաններում, երբ խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև մտել են փակուղի, բռնության բռնկումները Լեռնային Ղարաբաղում և երկու երկրների միջև ընդհանուր սահմանին ավելի հավանական են դառնում՝ չնայած Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունները կամ Իրանի ուղիղ մասնակցությունը հակամարտությանը քիչ իրատեսական են թվում:
Վերջիններիս կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի զգուշացումները լարվածության աճի նշաններ են, ինչը վկայում է բանակցային գործընթացի վտանգի մասին։
«Ադրբեջանը, հավանաբար, կդիմի հրադադարի ռեժիմի փոքր ծավալի խախտումների, տակտիկապես շահավետ տեղամասերի զավթման Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Չնայած վերջերս տեղի ունեցած ագրեսիվ գործողություններին՝ Ադրբեջանը հազիվ թե լայնածավալ ռազմական գործողություն սկսի, քանի որ ավելի պակաս ծախսատար մեթոդները Բաքվին կարող են թույլ տալ հասնել իր նպատակներին։ Ամեն անգամ, ինչ-որ դիրք զավթելով, ադրբեջանական ուժերը բարելավում են իրենց մարտավարական դիրքերը, անգամ եթե տարածքային նվաճումները դե-ֆակտո հետ են մղում շփման գիծն ընդամենը մի քանի մետրով»,- նշվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշել են փորձագետները, վերջերս ԵՄ-ի դիտորդների տեղակայումը սահմանի հայկական կողմում կարող է զսպել Ադրբեջանին լայնածավալ հարձակումից, ուստի՝ հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացնել իր մանդատը։
«Վերջին շաբաթներին Հայաստանն առաջընթացի է հասել հարևան Թուրքիայի հետ, որն Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցն է, հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայաստանի և Թուրքիայի համար երկկողմ հարաբերությունների վերականգնման այդ ջանքերը լծակ են, որը կարող են օգտագործել՝ Ադրբեջանին համոզելու, որ խաղաղ բանակցություններում չափից շատ պահանջներ չներկայացնի, քանի որ Բաքուն կնախընտրեր, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած քայլ պայմանավորված լիներ Հայաստանի հետ իր հակամարտության դադարեցման համաձայնագրով՝ վավերացմամբ»,- ընդգծել են փորձագետները։
Նրանց գնահատմամբ՝ Իրանը կշարունակի իր գործողություններն՝ ուղղված Ադրբեջանի զսպմանը, նպաստելով երկու երկրների միջև առանց այդ էլ բարձր լարվածության պահպանմանը։
«Իրանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից 2020թ. հրադադարի բազմակի խախտումներից, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հեղինակազրկումից՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, ինչպես նաև այն վստահության կորստից, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա Ադրբեջանի ոտնձգություններից Հայաստանին պաշտպանելու գործին»,- կարծում են միջազգային վերլուծաբանները։
Ավելացնել նոր մեկնաբանություն