ԵՄ դիտորդները բախման ժամանակ Տեղում չեն եղել․ Արարատ Միրզոյան
Եվրոպական միության մոնիտորինգային առաքելությունը տեղեկացվել է ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած ընդհարման մասին, առաքելության կազմը միջադեպի ժամանակ Տեղում չի եղել․ ապրիլի 12-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն ու ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում»,- ասել է Միրզոյանը։ Մյուս հարցին, թե արդյոք ԵՄ-ն ունի արագ արձագանքի մեխանիզմ նմանաբնույթ դեպքերի համար, արտգործնախարարն արձագանքել է՝ բնականաբար Հայաստանն անմիջապես տեղեկացնում է ԵՄ-ին ու ակնկալում արագ արձագանք։
Պատգամավորներից Հասմիկ Հակոբյանը խնդրել է մեկնաբանել ապրիլի 11-ի միջադեպի վերաբերյալ ադրբեջանական մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը կիրառել է հնդկական ու իրանական սպառազինություն։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ ապատեղեկատվությունը սադրանքի մաս է, նպատակը՝ ցույց տալ Եվրոպային, որ նրանք մոնիտորինգային առաքելություն են ուղարկել մի երկիր, որը կիրառում է զինատեսակ Ադրբեջանի դեմ։
Ավելացնել նոր մեկնաբանություն