Հայաստանը պատրաստ է գնալ ԶՈՒ-ն 1991 թ․ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման ԵՄ առաջարկին․ Փաշինյան
Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագիծը հարգելու վերաբերյալ Եվրոպական միության հայտարարությունը և պատրաստ է գնալ զինված ուժերն այդ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման, ինչպես առաջարկում է Եվրոպական միությունը։ Կառավարության նիստին այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոպական միության տարածած հաղորդագրությունը, որտեղ շեշտվում է 1991 թվականի սահմանագիծը։ Խոսքը հայկական ԽՍՀ-ի և ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի՝ արձանագրվել է ԵՄ-ի հայտարարության մեջ։ Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք՝ սկսած 2021 թվականից։ Նման գործողությունները բխում են Պրագայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը․ Ադրբեջանը պարբերաբար ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը․ «Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, ինչի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել Սոչիում, այդպես է Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն