Submitted by H.Andreasyan on
Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը. Փաշինյան

Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը:

Վարչապետն այս մասին ասել է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ։

«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել: Եվ մենք այլ երկրներից տարածքային որևէ պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու երբևէ»,- ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե այդ միտքը չարձանագրենք, չդարձնենք հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք թույլ չի տալու Հայաստանին զարգանալ, քանի որ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ ՀՀ-ն զարգանում, ուժեղանում է:

«Ավելին՝ տվյալ պարագայում ոչ միայն մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլև մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եվ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ իշխանության զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը՝ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով: Փաշինյանը նշել է, որ դա հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաև մյուսները, բայց Հայաստանը կարող է դա առաջինն անել: Նա ասել է՝ դա որևէ կերպ չի նշանակում մոռանալ ՀՀ պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը:

Ավելացնել նոր մեկնաբանություն