Հայաստանը Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներն ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Փաշինյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Պատգամավորը հարցրել է, թե ինչու Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման մասին զեկույցի մեջ ԼՂ հիմնախնդրին նվիրված բաժնում խոսք չկա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին այն դեպքում, երբ 2021-2026 թվականների ծրագրում ինքնորոշման իրավունքը նշվել է՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմքերից մեկը։
Փաշինյանը պատասխանել է՝ ամբողջ խնդիրն այն է, որ 2018 թվականին իր ստացած բանակցային ժառանգության մեջ «ԼՂ ժողովուրդ» հասկացություն գոյություն չունի, կա «ԼՂ ամբողջ բնակչություն» հասկացությունը։ «Այս բառերը շատ կարևոր են։ Այո, ժողովուրդը Հելսինկյան ակտով, մնացած բոլոր ակտերով սահմանադիր սուբյեկտ է։ Բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ, այսինքն՝ ինքնիշխանության սուբյեկտ չէ։ Եվ երկրորդը՝ եթե ասում ենք ինքնորոշում, ումի՞ց և որտեղի՞ց ենք ինքնորոշվում։ Օրինակ՝ ինչո՞ւ չենք ասում՝ Հայաստանն ինքնորոշվի, որովհետև Հայաստանն ինքնորոշվել է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով։ Ումի՞ց է ինքնորոշվել՝ Խորհրդային միությունից, որովհետև եղել է Խորհրդային միության մաս»,- մանրամասնել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ այս հարցի հետ կապված՝ Հայաստանը հայեցակարգ է ունեցել 2007 թվականից առաջ։ Կոնցեպտը եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղն էլ մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային միությունից, և եղել է դրույթ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ «Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում Ադրբեջանի մաս։ Եվ Լեռնային Ղարաբաղը մենք Մադրիդյան սկզբունքներով ճանաչել ենք Ադրբեջանի մաս։ Ես ասել եմ, որ խնդիր է, երբ մեր բանակցային բովանդակությունը և հանրային խոսույթն իրար չեն համապատասխանում։ Մենք ճանաչել ենք, բայց չենք ասել, և բոլոր պատերազմները, կռիվները դրա հետ են կապված եղել»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ որպես ինքնորոշման սուբյեկտ հանդես է գալիս նա, ով ուզում է ինքնորոշվել, իսկ Լեռնային Ղարաբաղը 1998 թվականին դուրս է թողնվել բանակցային գործընթացից։ Նրա խոսքով՝ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելուց հետո ինքնորոշման իրավունքը մնացել է պարզապես Հելսինկյան եզրափակիչ ակտում գրված։
«Ես այսօր ասում եմ՝ եկեք որոշենք՝ կամ առերեսվում ենք սրա հետ, կամ եթե չենք առերեսվում, եկեք արձանագրենք, թե ինչ է լինելու։ Ես հիմա տեղեկություն ունեմ, վերլուծություն ունեմ և ասում եմ՝ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»,- ասել է Փաշինյանը։
Արթուր Խաչատրյանը հակադարձել է վարչապետին՝ նշելով, որ վերջինս ինքնորոշումը և անկախացումը հավասարեցնում է, մինչդեռ Հելսինկյան ակտի սահմանմամբ՝ ինքնորոշումը լրիվ այլ բան է նշանակում. օրինակ՝ Հայաստանը կարող է ինքնորոշվել և որոշել, որ իրեն այլևս խորհրդարանական հանրապետություն պետք չէ, այլ պետք է թեոկրատիա։ Պատգամավորի խոսքով՝ սա է Հելսինկյան ակտի ողջ տրամաբանությունը։
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ նույն բանն ասել է Ադրբեջանը բանակցային ողջ գործընթացում։ «Նրանք էլ էին ասում՝ ինքնորոշումը չի նշանակում, որ պետք է անկախ պետություն լինի։ Նաև ասում էին, որ այդ ինքնորոշման սուբյեկտը միայն Լեռնային Ղարաբաղի հայերը չեն, նաև ադրբեջանցիներն են սուբյեկտ, ասում էին, որ ադրբեջանցիներն էլ պետք է որոշեն։ Դրա համար եմ ժողովուրդ-բնակչություն տերմինաբանության մասին խոսում։ Ես 2019 թվականին եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցողը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչը, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի քվեարկել մեր խորհրդարանական ընտրություններում, հետևաբար, ես մանդատ չունեմ։ Այս դիրքորոշումները շարունակաբար և անընդհատ արտահայտվել են»,- ասել է Փաշինյանը։
Արթուր Խաչատրյանը վարչապետին նաև հարցրել է, թե ո՞րն է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը նրա պատկերացմամբ։ Փաշինյանը պատասխանել է՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ պատգամավորի հնչեցրած դրույթի տրամաբանության մեջ մինչև այսօրվա կարգավիճակը չամրագրվի, ապագա կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։
Անդրադառնալով Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ պատգամավորի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Արդարադատության միջազգային դատարանն այդ հարցով որոշել է, որ ինքնորոշման համար պարտադիր չէ դիմել մետրոպոլիային․«Այդ մասին խոսեց նաև Ռուսաստանի նախագահն Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում։ Նա ասաց, որ ռեգիոնն ինքնորոշման համար պարտավոր չէ դիմել մետրոպոլիային։ Այն ժամանակ շատ մեծ քննարկում եղավ, սակայն ոչ ոք չնկատեց, որ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով մենք արդեն ընդունել ենք, որ մենք նրանց հետ համատեղ պետք է անենք, դա միակողմանի չի կարող լինել։ Դրա համար եմ ասում, որ մինչև 2007 թվականը մենք այլ կոնցեպտ ենք ունեցել»։
Ավելացնել նոր մեկնաբանություն