Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն. կեղծ համարժեքության լեզուն խրախուսում է Բաքվին. Ադամ Շիֆ
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. առաջին քայլը պետք է լինի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը դադարեցնելը։ Այս մասին նշել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը: «Դետք»-ն այս մասին տեղեկանում է «NEWS.am»-ից:
«Ես տարիներ շարունակ կոչ եմ արել կառավարությանը դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական կամ տնտեսական աջակցությունը։ Նրանք դրան արժանի չեն։ Բացի դրանից՝ դա օրենքի խախտում է։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժինը սահմանում է, որ քանի դեռ նրանք չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, նրանք մեր աջակցությունը պետք է չստանան։ Բացի դրանից՝ նրանք ոտնահարում են մարդու իրավունքները, պատերազմական հանցագործություններ են կատարում։ Այնպես որ աններելի է մեզ համար որևէ մակարդակով շարունակել Ադրբեջանին տրամադրել տնտեսական կամ ռազմական աջակցություն, որը նրանք կարող են օգտագործել իրենց հարևանների դեմ պատերազմ մղելու համար։ Այսպիսով՝ դա առաջին քայլն է»,- ընդգծել է Շիֆը:
Երկրորդ քայլը, ըստ նրա, պատժամիջոցների կիրառումն է. «Այսօրվա իմ ներկայացրած բանաձևը ոչ միայն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, այլև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պետք է նաև աջակցենք պատերազմական հանցագործությունների հետաքննությանը և հետամուտ լինենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են բռնաբարությունների, սպանությունների, մահացած հայերի մարմինները պղծելու և միջազգային իրավունքի խախտմամբ գերիներին ազատ չարձակելու համար։ Սա է այն ամենը, ինչին Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն»,- ասել է կոնգրեսականը:
Նա ընդգծել է, որ ամենակարևորն այն է, որ միջազգային դերակատարները խոսեն և գործեն ժամանակին, երբ տեսնում են ագրեսիայի առաջին դրսևորումները. «Տարիներ է՝ Ադրբեջանը կրակում է շփման գծում՝ սպանելով մարդկանց։ Եվ այդ ամբողջ ընթացքում տարբեր երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, օգտագործել են կեղծ համարժեքության լեզուն և պարզապես երկու կողմերին կոչ արել դադարեցնել բռնությունը։ Ես շարունակում եմ կոչ անել տարածաշրջանում մեր դեսպաններին, Մինսկի խմբին, որ դադարեն հավասարության նշան դնելուց, քանի որ դա խրախուսում է ագրեսորին։ Եվ եթե շարունակում ես ֆինանսավորել ագրեսորին, դա ավելի քան խրախուսում է նրան։
Տարիներ շարունակ ես դեմոկրատական և հանրապետական վարչակազմերին կոչ եմ արել դադարել հավասարության նշան դնելուց, սկսել պատժամիջոցներ կիրառել հարձակվող կողմի նկատմամբ: Բայց դա տեղի չունեցավ։ Ողբերգական է, քանի որ Ադրբեջանը, կարծում եմ, դա որպես կանաչ լույս օգտագործեց, որ պատերազմ սկսի 2020 թվականին, շարունակի բռնություն կիրառել և շրջափակել Արցախը։ Այսպիսով՝ եթե ուզում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի իր գործողությունները, մենք պետք է դադարեցնենք դրսևորել նույն վարքագիծը, որը մեզ հասցրեց այս շատ անկայուն դիրքին»,- նշել է Շիֆը:
Ավելացնել նոր մեկնաբանություն