Երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով․ Միխայիլ Գալուզին
«Նախևառաջ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ առաջընթաց կա՝ ԼՂ-ում և մասնավորապես Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի հետ կապված։
Ըստ Գալուզինի` երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով` տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում` հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին:
«Հակամարտության կարգավորման հիմնական բաղադրիչները, մասնավորապես` կրակի դադարեցումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առանցքային ուղղությունների ձևակերպումը, ինքնին ձեռքբերում են։ Այդ սկզբունքները ձևակերպված են եղել և սկսել են կյանքի կոչվել բացառապես ՌԴ-ի և նախագահ Պուտինի միջնորդական առաքելության շնորհիվ»,- ասել է նա:
Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է գործնական քայլեր ձեռնարկել, յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար․ «Հասկանալի է, որ այնպիսի հին ու զգայուն կոնֆլիկտային իրավիճակի կարգավորումը, ինչպիսին ԼՂ-ում և նրա շուրջը տեղի ունեցողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների և խնդիրների»:
Ավելացնել նոր մեկնաբանություն