Submitted by H.Andreasyan on
Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները. Կազլյարիչ

Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները. Կազլյարիչ

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն բանակցությունները, ապա դա հնարավոր է դիտարկել որպես այս բանակցությունների դրական արդյունք»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում:

«Որոշ լրատվամիջոցներ փորձում են համեմատել այս գործընթացը Քեմփ Դեյվիդի հետ, սակայն Քեմփ Դեյվիդը տարբերվում է, քանի որ այնտեղ Իսրայելի վարչապետը և Եգիպտոսի նախագահը բանակցում էին՝ փորձելով հասնել վերջնական փոխըմբռնման: Սա այդ դեպքը չէ: Նման համեմատություն հնարավոր է միայն գործընթացի ավարտին, երբ առկա է ամենաբարձր քաղաքական մակարդակում հավանություն ստացած խաղաղության պայմանագիր: Այստեղ դեռևս անհրաժեշտ են ինտենսիվ բանակցություններ և երկու երկրներում ամենաբարձր մակարդակի ներգրավվածություն՝ ստորագրման ենթակա խաղաղության համաձայնագիր ստանալու համար»,- ասել է Կազլյարիչը:

Նրա կարծիքով էլ՝ Մոսկվան նպատակաուղղված ձգտում է ի չիք դարձնել որևէ այլ ուժի հովանու ներքո, բացի սեփականից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների անցկացումը:

«Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները։ Հաշվի առնելով Ռուսաստանի վարքագիծն Ուկրաինայում՝ շարունակվող պատերազմը և քաղաքացիական զոհերի թիվը, որոնք զոհվում են ռուս զինվորականների ձեռքից, ինձ համար, իսկապես, շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես Մոսկվան կարող է ստանձնել միջնորդի դեր որևէ հարցում»,- ասում է Կազլյարիչը:

Իսկ այդ ընթացքոււմ այսօր հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա: Բացի դրանից՝ մայիսի կեսերին Ռուսաստանը պատրաստվում է անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում: 

Նշենք, որ նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը եզրափակեցին Վաշինգտոնին հարակից Արլինգտոն քաղաքի՝ ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում դեռևս մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը տարածել են միասնական հաղորդագրություն, որտեղ պայմանավորվել են շարունակել քննարկումները:

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այս բանակցությունները ցույց են տալիս, որ կողմերն ունեն այն գիտակցումը, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն