Submitted by H.Andreasyan on
Այս անգամ խոսակցությունն առավել առարկայական էր. ԱԳ փոխնախարարը՝ Բրյուսելի բանակցությունների մասին

Այս անգամ խոսակցությունն առավել առարկայական էր. ԱԳ փոխնախարարը՝ Բրյուսելի բանակցությունների մասին

«Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել»,- հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բանակցություններին:

Բանակցություններից հետո ԵԽ նախագահն իր հայտարարությունում ընդգծել էր, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վերջերս Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ, փոխնախարարն ասել է. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»:

Անդրադառնալով ԵԽ նախագահի հայտարարությունում փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հիշատակմանը՝ փոխնախարարը նշել է՝ նշանակում է այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային միության փլուզման պահին. «Խոսքը դրա մասին էր, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը, պարզապես վերահաստատում էր այդ սկզբունքը»:

Նա հավելել է՝ հանդիպումն ավելի շատ ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն. «Եվ այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն