Բացի Արցախից հանձնում ենք Տիգրանաշենն ու Տավուշի մարզի որոշ գյուղեր. քարտեզագիր Շահեն Շահինյան
Հայաստանի՝ 29.800 քառ. կմ տարածքի ճանաչումը նշանակում է Հայաստանը ոչ միայն առանց Արցախի, այլև առանց Տիգրանաշենի, Տավուշի մարզի որոշ գյուղերի: Այս մասին «Aravot.am»-ին տված հարցազրույցում նշել է քարտեզագիր Շահեն Շահինյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29.800 քառ. կմ, և Ադրբեջանը` 86.600 քառ. կմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»:
«Եթե վեր բարձրացնենք արխիվային փաստաթղթերը, հայտարարության մեջ նշված մակերեսները և բաց աղբյուրներում եղած թվերը, պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանի նմանատիպ մակերեսի դեպքում դրա մեջ ներառված է և՛ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և Հայաստանի տարածքում, այսպես կոչված, անկլավները: Միշտ քննարկման առարկա է եղել Հայաստանի տարածքում երեք անկլավ ՝ Տիգրանաշենը, Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպար, Բարխուդարլու գյուղերը: Իսկ հայկական կողմի անկլավը, գիտենք՝ Արծվաշենն է: Երբ մակերեսների մասին ենք խոսում, այդ տարածքները ներառված են այդ մակերեսում»,- ասում է Շահեն Շահինյանը:
Նրա խոսքով՝ այս մակերեսները, որոնց մասին խոսվում է, այն քարտեզագրական նյութերի հիման վրա են իրականացված, որոնք, դե ֆակտո, գործել 1970-1980-ականներին: Ինչ վերաբերում է նրան, որ Բրյուսելում խոսում էին 1991-ի քարտեզների մասին, քարտեզագիրն այսպես է արձագանքել. «1970-ականների քարտեզների հիմքերի վրա են, այդ քարտեզներում արդեն իսկ անկլավները ներառված էին: Չեմ կարող մեկնաբանել 1991 թվականի քարտեզի վերաբերյալ ցանկացած խոսակցություն, քանի որ ինքս ծանոթ չեմ այդպիսի քարտեզի գոյության որևիցե փաստի»:
Այս մակերեսներով տարածքային ամբողջականության ճանաչումը քարտեզագիրը համարում է զիջում. «Միանշանակ զիջում: Զիջում ազգային շահերի, ՀՀ 1-ին հանրապետության տարածքների, Խորհրդային միության մուտք գործած Խորհրդային Հայաստանի տարածքները: Սա Հայաստանի կողմից զիջում է, մենք զիջում ենք Արցախի իրավունքը, որի իրավունքը համոզված չեմ, որ ՀՀ-ն ունի, Արցախի փոխարեն որոշումներ կայացնելու: Զիջում ենք հայկական բուն տարածքները, իսկ դրա դիմաց ինչ ենք ստանում, այս պահին ինձ համար դեռ հասկանալի չէ, որովհետև Ադրբեջանի կողմից միշտ հնչում են պահանջներ հայկական տարածքների նկատմամբ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն