Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու․ Արարատ Միրզոյան
«Ինչպես Հայաստանի վարչապետն է բազմիցս ասել, մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու: Եվ, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը: Մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնում, չենք էլ փորձում այդպիսի բան անել»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի Հանրապետության իշխանություններից լիազորվե՞լ են իրենց անունից բանակցել Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ:
«Միակ բանը, որ փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է․ մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական, երկարատև, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակում չի ստեղծվում երկխոսության մի մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա ապագայի համար»,- ասել է Միրզոյանը:
Նա հավելել է՝ որպեսզի կարգավորումը, խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինեն կայուն, երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն: Իսկ այդ խնդիրները կան:
«Որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված բազմաթիվ բաց հարցեր կան: Դրա մասին են վկայում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները: Բոլորս գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում: Այդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընտրված մարմինների, լիազոր ինստիտուտների կողմից: Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեխանիզմը, հարթակը»,- ասել է ԱԳ նախարարը:
Ավելացնել նոր մեկնաբանություն