Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Այս մասին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերող հարցին։
Նա նշել է․ «Կոնկրետ անկլավների մասով բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում։ Երբ ինչ-որ բան լինի, հանրությունը տեղյակ կպահվի»։
Հարցին, թե արդյոք կա՞ն անկլավներ, որոնք պետք է հանձնվեն Ադբրեջանին, մարզպետը պատասխանել է․ «Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը նրանք ունեն նաև Տավուշի մարզում և Հայաստանի Հանրապետության այլ հատվածներում։ Այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»։
Ղալումյանի խոսքով՝ կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Այդ հարցերը պետք է խաղաղության պայմանագրի շրջանակում լուծվեն․ «Միայն կարող եմ նշել, որ Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն