Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը կմիավորվեն
ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկը և ՀՀ ՊՆ «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկը կմիավորվեն՝ ստեղծելով «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ։
Այս մասին կառավարության որոշման նախագիծը կներկայացվի հունիսի 8-ի կառավարության նիստին։
Կառավարության որոշման նախագծում ասվում է.
«Սահմանել, որ`
1) ռազմական ակադեմիայի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
ա. բարձրագույն ռազմամասնագիտական և բարձրագույն ռազմական կրթությամբ մասնագետների պատրաստումը, զինծառայողների վերապատրաստման և որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը,
բ. համապատասխան զինվորական մասնագիտությամբ սպայական կադրերի և բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,
գ. ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված քաղաքացու և սպայի համակողմանի ձևավորումը,
դ. օդաչուական և ինժեներատեխնիկական մասնագետների վերապատրաստման ու որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը,
ե. ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության բնագավառներում զինված ուժերի գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, հիմնարար հետազոտական և գիտակիրառական աշխատանքների իրականացումը,
զ. ազգային ռազմական կրթության և հետազոտությունների ոլորտում միջազգային փորձագիտական ներուժի օգտագործումը.
2) ռազմական ակադեմիան «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են ռազմական ակադեմիային` փոխանցման ակտերին համապատասխան.
4․ «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ ռազմական ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
5․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`
1) փոխանցման ակտերի հաստատումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ռազմական ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատումը.
3) ռազմական ակադեմիայի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների գործունեության դադարման պետական հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին»։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, հաստիքային կազմի օպտիմալիզացում իրականացնելու և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելու անհրաժեշտությամբ:
«Ռազմական համալսարաններն ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ և անհրաժեշտ ուսումնանյությական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու բուհերի միավորումը: Վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը։
Ներկայում հետպատերազմյան իրադրությունը և առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում ՀՀ զինված ուժերի արդիականացման շրջանակներում ռազմական կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը: Խնդիր է առաջանում բարձրացնել զինվորական մասնագիտության գրավչությունը՝ ապահովելով դիմորդների անհրաժեշտ թվակազմը և շրջանավարտների կրթական մակարդակի որակը, ռազմաուսումնական հաստատությունների դերը որակյալ սպայական կադրերի պատրաստման, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ողջ գիտական ներուժը ՀՀ ԶՈՒ զարգացմանն ուղղված գիտական հետազոտություններ իրականացնելու գործում: Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյությական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո»,- նշված է հիմնավորման մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն