Արման Եղոյանն անդրադարձել է Վաշինգտոնում բանակցությունների հետաձգմանը
«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին, մասնավորապես, արդեն բոլորդ տեղեկացաք, որ Թուրքիայի նախագահն է այցելում Ադրբեջան։ Հետևաբար, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն այդ օրերին չէր կարող բացակայել Բաքվից»,- այս մասին հունիսի 13-ին նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել են Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Իմ տրամաբանական հետևությունը դա է»,- ասել է Եղոյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ առաջիկա օրերին նոր հանդիպումը երբ կլինի, Եղոյանն ասել է. «Դա չեմ կարող ասել: Նման հարցերն օրերի կտրվածքով չեն լուծվում, շաբաթների կտրվածքով են լուծվում»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:
Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
Ավելացնել նոր մեկնաբանություն