Ադրբեջանն ագրեսիվ վարքագծով փորձում է ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջը․ Խանդանյան
Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության հրահրմանը։
«Ինչ վերաբերում է Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպին և ընդհանրապես վերջին շրջանի փոխհրաձգության ակտիվացմանը, մտահոգիչ է, հատկապես որ դրանք ընթանում են ակտիվացած բանակցային գործընթացին զուգահեռ։ Կրկին տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջը»,- նշել է Խանդանյանը։
Նա հատկանշական է համարել Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Երասխում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը․ «Այն գործարանի շինարարության ուղղությամբ էր հրաձգություն եղել, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, և որը չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի Հանրապետության համար։ Կարծում եմ՝ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունն արտահայտում էր այս մտահոգությունները։ Սա չի փոխում մեր դիրքորոշումները, բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, և գիտեմ, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է սրանք և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում դիտարկումների մասին։ Ենթադրում եմ, որ երեկվա միջադեպի վերաբերյալ ևս եղել է նրանց կողմից դիտարկում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն