Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր իրավիճակ չկա․ պատգամավոր
Հայկական կողմը խոսել է և ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ նաև Հակարիի կամրջին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքի առիթով: Հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում:
Նա նշել է, որ Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա․ «Մեր արտաքին գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են Ռուսաստանի մեր գործընկերների հետ, մենք ոչ մեկ անգամ ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք արդեն խոսել ենք»:
Հովհաննիսյանն ասել է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացած խնդիրների վերաբերյալ գնահատականները ոչ մեկ անգամ են հնչեցրել․ «Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։ Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է: Մեր ռուս գործընկերների հետ խոսակցություն տեղի ունենում է: Թե ինչ կոնտեքստում և ինչ արդյունքներով, կխոսի ԱԳՆ-ն»։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:
Ավելացնել նոր մեկնաբանություն