Կառավարությունը 2018-ից մինչև 44-օրյա պատերազմը սպառազինության ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ. Փաշինյան
Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին՝ հավելելով, որ 2008-ից մինչև 2018-ի մայիս այդ նպատակի համար իրականացվել է 354 մլրդ դրամի ձեռքբերում:
Ըստ նրա՝ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացման թեման ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել է անխուսափելի, այլ այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը:
Նրա խոսքով՝ 2018-2020 թթ. կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական որոշումներ, էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են արվել․ «2018 թվականից մինչև 2020 թթ. 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարություններն այդ նպատակի համար ծախսել են 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք 2 տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին»:
Ավելացնել նոր մեկնաբանություն