Ռուսաստանը ցանկանում է Իրանին փոխանցել «MИ-28» և «KA-52» մարտական ուղղաթիռները
Ռուսաստանը դիտարկում է Իրանին «MИ-28» և «KA-52» մարտական ուղղաթիռներ վաճառելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է «Newsweek» պարբերականը՝ վկայակոչելով Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծությունը։
Ամերիկյան ինստիտուտը, հղում կատարելով իրանական «Tansim» լրատվական գործակալության հրապարակմանը, տեղեկացնում է, որ Մոսկվան և Թեհրանը նախատեսում են մարտական ուղղաթիռների նույն մոդելների համատեղ արտադրություն իրականացնել։
Իրանական հրատարակությանը հայտնի է դարձել, որ Իրանի ղեկավարությունը դիտարկում է երկրի ռազմածովային և ցամաքային զորքերի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուղղաթիռների խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությունը։
Ամերիկյան ինստիտուտի զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է խորացնել ռազմական և տնտեսական հարաբերություններն Իրանի հետ՝ փորձելով փոխշահավետ կերպով խուսափել արևմտյան պատժամիջոցների ազդեցությունից։
«MИ-28»-ը խորհրդային և ռուսական հարվածային ուղղաթիռ է, որը նախատեսված է տանկեր և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև ցածր արագությամբ օդային թիրախներ ու թշնամու կենդանի ուժ որոնելու և ոչնչացնելու համար:
«KA-52»-ը հայտնի է որպես մարտական ուղղաթիռ, որն իրականացնում է տարածքի հետախուզություն, թիրախավորում և մարտական ուղղաթիռների խմբի գործողությունների համակարգում։ Այն կարող է խոցել մարտադաշտում գտնվող զրահապատ և անզրահ մեքենաներ, կենդանի ուժ և օդային թիրախներ։ Այն KA-50 «Black Shark» մոդելի մշակման շարունակությունն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն