Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը ռազմական ապստամբությունը ճնշելու գործողությունների ֆոնին։
«Թուրքիայի Հանրապետության նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
Ավելացնել նոր մեկնաբանություն