Սուն Յաթսենի գործունեությունը և Չինաստանի նոր կառավարության ստեղծումը
Յուան Շիկայը համաձայնվում է այդ մտքի հետ, իսկ Սուն Յաթսենը, ձգտելով երկրում դադարեցնել քաղաքացիական պատերազմը, հայրենիքի բարձրագույն շահի համար գնում է այդ քայլին։ 1912 թվականի փետրվարի 14-ին Յուան Շիկայն ընդունում է հեղափոխական հարավի առաջարկը և զբաղեցնում ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Չինական Հանրապետության մայրաքաղաք է դառնում Պեկինը: Երկրում նաև ընդունվում է Սահմանադրություն, որը ժողովրդին տալիս էր ժողովրդավարական լայն իրավունքներ և ազատություններ։ Նախագահը դառնում է զորքերի գլխավոր հրամանատարը։ Պետք է նաև մշտական խորհրդարան ընտրվեր։ Նոր կառավարության կազմի մեջ է մտնում Յուան Շիկայի կողմնակիցների մեծամասնությունը։ Այդ ժամանակվանից նա փոխում է իր քաղաքական ուղեգիծը՝ ձգտելով ստեղծել սեփական բռնապետությունը: Սակայն նրան խանգարում էին Սուն Յաթսենի կողմնակիցները, որոնք ձգտում էին ստանալ խորհրդարանում ձայների մեծամասնությունը։ Այդ պատճառով 1912 թվականի օգոստոսին Սուն Յաթսենի կողմնակիցները ստեղծում են «Գոմինդան»՝ «Ազգային կուսակցություն» քաղաքական կուսակցությունը: Նրա ծրագրի մեջ, որոշ նկատառումներից ելնելով, չի ընդգրկվում Սուն Յաթսենի գաղափարախոսության երրորդ սկզբունքը, մեղմանում է արևմտյան տերությունների նկատմամբ դիրքորոշումը։ 1912-1913 թվականներին «Գոմինդանը» կարողանում է ընդլայնել իր աջակիցների թիվը և խորհրդարանում ստանալ ձայների մեծամասնությունը։ Սակայն ստեղծել սեփական կառավարություն նրանց չի հաջողվում։ «Գոմինդանի» ստեղծումից հետո Սուն Յաթսենը որոշ ժամանակով հեռանում է քաղաքական ակտիվ գործունեությունից՝ ստանձնելով «Չինական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի պաշտոնը։ Նա դրանով փորձում է գործնականում ապացուցել խաղաղության հասնելու իր երրորդ սկզբունքը՝ ժողովրդական բարեկեցությունը։ Սուն Յաթսենը կարծում էր, որ իր սկզբունքներից երկուսի իրականացումը հաջողվել է, և եկել է նոր հասարակության կառուցման անմիջական եղանակի ժամանակը։ Դա տեսնելով՝ Յուան Շիկայը որոշում է դիմել արևմտյան տերությունների օգնությանը, որպեսզի ճնշի ընդդիմադիրներին։ Արևմտյան տերությունները ֆինանսական օգնություն են ցույց տալիս Յուան Շիկային, և վերջինս զորքեր է ձևավորում՝ հարձակվելու այն շրջանների վրա, որտեղ «Գոմինդանի» ազդեցությունն ուժեղ էր։ 1913 թվականի ամռանը Սուն Յաթսենը կոչ է անում իր կողմնակիցներին երկրորդ հեղափոխություն սկսել Յուան Շիկայի դեմ, ինչը չի արժանանում լայն աջակցության։ Հոկտեմբերին Յուան Շիկայը դառնում է Չինական Հանրապետության մշտական նախագահ, որին նաև ընդունում են արևմտյան տերությունները։ Հաջորդ տարի փոխվում է Սահմանադրությունը, որում մեծ լիազորություններ են տրվում նախագահին։ Այդ պայմաններում Սուն Յաթսենը ստիպված է լինում արտագաղթել Ճապոնիա։
Ավելացնել նոր մեկնաբանություն