Իրանում խռովություն հրահրող ցանկացած զինված անձի ներկայությունն անհանդուրժելի է․ Սալամի
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանի տարածքում խռովություն հրահրող ցանկացած զինված անձի ներկայությունն անհանդուրժելի է, և Իրանը երկրի անկախության ու անվտանգության դավաճանների ասպարեզը չէ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Սալամին շեշտել է, որ խռովարարների և թշնամիների հետ կապված մարդկանց հայացքն ուղղված է դեպի թշնամին։ Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմի տրամաբանության համաձայն՝ Իսրայելը չի կարող մեծանալ, ուստի իսլամական երկրները պետք է փոքրանան։
«Այդ պատճառով իսլամական երկրներում անջատողականության և բաժանման գաղափարի տարածման տրամաբանությունը հիմնված է այս իրողության վրա»,- ասել է նա։
ԻՀՊԿ հրամանատարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ կայսերապաշտությունը չի սիրում իսլամական երկրների մեծ և վեհ կեցվածքը, չի հանդուրժում մուսուլմանների միասնությունը։ Նրա համոզմամբ՝ իսլամական աշխարհը փառքով, գեղեցկությամբ, հարստությամբ ու ազատատենչությամբ լի աշխարհ է, և դա անհամատեղելի է թշնամու տրամաբանության հետ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին շրջանում գործակալական ցանցեր է բացահայտում, որոնք ենթադրաբար կապված են Իսրայելի հետ։ Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունները թշնամական են, և Իսրայելն ամեն կերպ փորձում է ապակայունացնել Իրանում տիրող իրավիճակը, որպեսզի հնարավորության դեպքում կարողանա հարձակում գործել Իրանի տարածքի վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն