Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրագործումը. Ռուբինյան. «Ազատություն»
Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով մեր 4 զոհերի փաստը կարելի է կապել, կարելի է նաև չկապել Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության բանակցությունների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» եթերում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում վաշինգտոնյան բանակցություններ ֆոնին։
Ըստ նրա՝ կարևոր չէ, թե Արցախի իրադարձություններն ինչի ֆոնին են տեղի ունենում. «Կարևոր է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը և շարունակում է ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը, Լաչինի միջանցքի արգելափակումը, էլեկտրականության և գազի մատակարարման խափանումներն ու նման հարձակումները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ գործառույթ են իրականացնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն այն դեպքում, երբ թշնամական կողմը նույնիսկ ԱԹՍ և հրետանային զենք է կիրառում այնտեղ, Ռուբինյանը նշել է, որ հարցն օրինական է, և ՀՀ կառավարությունը նույնպես անընդհատ բարձրացնում է այդ հարցը։
Նրա խոսքով՝ ըստ էության, ռուս խաղաղապահ զորակազմին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերի ամբողջական իրագործումը․ «Բնականաբար, սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում որևէ բան ապահովել, սակայն շատ բան չի հաջողվում։ Մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցը, որպեսզի ապահովվի այն, ինչ ամրագրված է, այդ թվում՝ հրադադարը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։
Ավելացնել նոր մեկնաբանություն