Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում. ԱԽ քարտուղարը՝ ռուս խաղաղապահների մասին
Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որ Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ․ «Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում»:
Գրիգորյանի խոսքով՝ ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն գործառույթները, այսինքն՝ ապահովեն Արցախում (ԼՂ - խմբ․) ապրող հայերի անվտանգությունը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Սրա վերաբերյալ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար․ «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն