Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն. Փաշինյան
Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան: Այս մասին հուլիսի 13-ի Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:
«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, և դա քաղացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում և էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար:
Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունը, այնուամենայնիվ, շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:
Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,- ասել է Փաշինյանը:
«Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022 թվականի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Այն չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեությամբ ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում:
Եվ ահա, 2022-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնրել է 56-րդ տեղը, Ադրբեջանը՝ 104-րդ»,-ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար․ «Այս առումով չափազանց կարևոր է միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը՝ ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման նպատակով»։
Ավելացնել նոր մեկնաբանություն