Բրյուսելյան օրակարգում հայկական դիրքորոշումն առկա չէ․ քաղաքագետ․ «Armradio.am»
Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները փորձագետները հաջողված չեն գնահատում, խնդրահարույց են համարում հանդիպումից հետո Շառլ Միշելի հնչեցրած գնահատականներից հատկապես մի քանիսը։ Եվրոպական խորհրդի նախագահը հավասարապես կարևորել էր Լաչինի ճանապարհի բացումն ու Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։
Ի տարբերություն նախորդ բանակցությունների՝ Շառլ Միշելն այս անգամ խոսել էր ոչ թե բոլոր ռազմագերիների, այլ այն զինծառայողների մասին, որոնք պատահաբար են հատել սահմանը։
Փորձագետների մտավախությունները հաստատվում են նաև Մոսկվայից ու Բաքվից հնչող արձագանքներով։
Բրյուսելյան եռակողմ բանակցությունները քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ձախողված է որակում։ Նրա կարծիքով՝ հայկական կողմն ընդունել է եվրոպական օրակարգը, որում գերիշխող են ադրբեջանական մոտեցումները։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը թեև խոսեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, բայց հավասարաչափ կարևորեց նաև Աղդամով հումանիտար մատակարարումների հնարավորությունը։ Այս թեզը հանդիպման նախօրեին առաջ էր քաշել ադրբեջանական կողմը։
«Երբ խոսում են Աղդամով երթևեկության մասին, նշանակում է, Արցախի շրջափակումը կարմիր գիծ չէ։ Այստեղ ԵՄ-ն ստանձնում է նախաձեռնողական պրոադրբեջանական դիրքորոշում, որի գլխավոր նպատակը աշխարհաքաղաքականությունն է, և ոչ թե արցախյան խնդիրները։ Ադրբեջանի օրակարգը ևս մի քանի կետ է ներառում, որոնք այդտեղ իհարկե չեն լուծվել, օրինակ, այսպես ասած, «Զանգեզուրյան միջանցք»-ի հարցում, բայց Ադրբեջանը կարելի է ասել կարողացավ առաջընթաց գրանցել այս բանակցություններում»։
Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու մասին Շառլ Միշելի ձևակերպման անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Եվրոպական խորհրդի նախագահի ձևակերպումը նա ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն է համարել, իսկ ԵՄ հարթակը ամենաանհաջողը՝ բոլոր բանակցային հարթակներից։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն