Սուդանի բռնություններն ավելի են սրվում, իսկ պարագլուխները հերքում են Դարֆուրի ռազմական հանցագործությունները

Սուդանի բռնություններն ավելի են սրվում, իսկ պարագլուխները հերքում են Դարֆուրի ռազմական հանցագործությունները

Ըստ ականատեսների՝ կիրակի ավիահարվածներ են եղել Խարտումի ուղղությամբ, իսկ Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանում մարտեր են ընթացել. բանակի և վերջինիս հակառակորդ պարագլուխների միջև եռամսյա պատերազմն ավարտվելու միտում չունի:

«Մայրաքաղաքի արևելքում և հյուսիս-արևմուտքում բանակի կործանիչները թիրախավորել են հենակետերը, որոնք պատկանում են «Արագ աջակցության ուժերին» (RSF), վերջիններս էլ պատասխանել են հակաօդային զենքերով»,- AFP-ին ասել են ականատեսները:

Տեղական թաղամասերից մեկում՝ Օմբադայում, առնվազն 5 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել Խարթումի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, սակայն զոհերի թիվը հավանաբար կավելանա, քանի որ «ավելի շատ զոհեր են դուրս բերվել փլատակների տակից»:

Ըստ ականատեսների՝ RSF-ի անօդաչու սարքերը թիրախավորել են Խարտումի ամենամեծ ռազմական հոսպիտալը: Շաբաթ օրը նույն հաստատության վրա տեղի ունեցած նմանատիպ հարձակումը հանգեցրել է 5 զոհի և 22 վիրավորի, հայտնել է բանակը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և նրա նախկին տեղակալ, RSF-ի հրամանատար Մուհամեդ Համդան Դագլոյի միջև պատերազմը սպանել է մոտ 3000 մարդու, սակայն ենթադրվում է, որ զոհերի իրական թիվը շատ ավելին է:

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ ևս երեք միլիոն ներքին տեղահանված կամ փախստական կա:

Բռնությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը շարունակվում են, սակայն արդյունք չեն տվել, և բազմաթիվ հրադադարներ խախտվել են։

Շաբաթ օրը (պատերազմի չորրորդ ամիսը) կառավարության աղբյուրն AFP-ին հայտնել էր, որ բանակի պատվիրակությունը վերադարձել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք՝ վերսկսելու զինադադարի բանակցությունները, սակայն դրանց մասին հաղորդագրություններ չկան ո՛չ RSF-ից, ո՛չ էլ միջնորդներից:

Դարֆուրի շրջանի Կաս քաղաքում կիրակի ականատեսները հաղորդել են «տարբեր տեսակի զենքերի օգտագործմամբ ծանր բախումների մասին»:

Զինվորականները հայտարարության մեջ ողջունել են իրենց «խոշոր հաղթանակը» քաղաքում, ինչպես նաև Արևելյան Դարֆուրի ոստիկանական ուժերի որոշումը՝ «ինտեգրվել RSF-ին» այն բանից հետո, երբ Հարավային Դարֆուրի տեղական ցեղերի ղեկավարները նույնպես հավատարմության երդում են տվել պարագլուխներին:

Դատարանի գլխավոր դատախազը նոր հետաքննություն է սկսել ընթացիկ մարտերում կասկածվող ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ սեռական բռնության և իրենց ազգային պատկանելության համար թիրախ դարձած քաղաքացիական անձանց վերաբերյալ:

Նշենք, որ 2000-ականների սկզբին «Ջանջավիդ» աշխարհազորը, որը զինված էր, Դարֆուրում պատերազմ սանձազերծեց ազգային փոքրամասնությունների դեմ:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ այդ հակամարտությունը խլեց ավելի քան 300.000 կյանք, իսկ 2.5 միլիոն մարդ տարհանվեց:

Այն ժամանակ կատարված վայրագությունները ստիպեցին Միջազգային քրեական դատարանին մեղադրել նախկին բռնապետ Օմար ալ-Բաշիրին հանցագործությունների մեջ, այդ թվում՝ մեղադրել ցեղասպանության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն