
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին:
«Տիկին Սահակյան, Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը: Երեկ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արկադի Ղուկասյանն է ցուցմունք տվել, որոնք դժվար է արժանահավատ համարել, իսկ երկու օր առաջ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներն էին: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս վերջին նիստերից:
Եթե Ռուբեն Վարդանյանի մասով որոշ այլընտրանքային տեղեկատվություն հնարավոր է ստանալ նրա ընտանիքի ներգրաված մասնավոր փաստաբանի միջոցով, ապա մյուսների դեպքում, ցավոք, նման հնարավորություն չկա: Իհարկե, Արկադի Ղուկասյանին կամ որևէ այլ մեկին վերագրվող ցուցմունքները մեզ և, առհասարակ, որևէ կառույցի համար չեն կարող արժանահավատ լինել, քանի որ նիստերը իրականացվում են դռնփակ՝ առանց անկախ լրատվամիջոցների և մասնագետների մասնակցության, և անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա: Ներկա է լինում միայն «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության աշխատակիցը, որը ներկայացնում է ֆիլտրած և աղավաղված տեղեկատվություն:
Ի դեպ, այն, որ լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացնում դահլիճում կատարվածը, հաստատել է նաև Ռուբեն Վարդանյանի մասնավոր փաստաբան Աբրահամ Բերմանը: Վերջին նիստի մասին նրա կողմից Վարդանյանի ընտանիքին փոխանցված տեղեկատվության համաձայն, հենց նիստի սկզբում ինքը՝ փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է տեղական լրատվամիջոցների կողմից փաստերի խեղաթյուրումների վրա:
Փաստաբանը պարզաբանել է, որ պաշտպանական կողմը պահանջել էր ոչ թե վերանայել դատական նիստի ձայնագրությունները, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, այլ հասանելիություն ունենալ դատական լսումների արձանագրություններին և համապատասխան ձայնագրություններին, որոնք մինչև հիմա ամբողջությամբ չեն տրամադրվել: Սա, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ բան է: Փաստաբանը նաև զգուշացրել է, որ եթե լրատվամիջոցների կողմից շարունակվի խեղաթյուրված հաղորդագրությունների տարածումը, ապա դա կարող է հանգեցնել դատական գործընթացի: Նիստի այս դրվագի մասին ադրբեջանական լրատվամիջոցները, իհարկե, ոչինչ չեն հաղորդել: Սա հստակ փաստ է, որն ապացուցում է, որ առանց այն էլ իրականացվող դատական ֆարսը լուսաբանվում է միտումնավոր խեղաթյուրումներով:
Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի պաշտպանը նաև վերահաստատել է հարցաքննությանը չմասնակցելու իր դիրքորոշումը և ընդգծել է, որ դա արվում է որպես բողոք՝ դատավարության գործընթացի անօրինականության դեմ:
Երեկ ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականումհրապարակվել էր ֆրանսիացի փաստաբանների և Ֆրանսիայի փաստաբանական պալատների նախագահներիբավական կոշտ հայտարարությունը, որտեղ նրանք եվրոպական երկրներին կոչ էին անում աչք չփակել և խիստ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները կոպտորեն խախտելու համար: Նրանք նշում էին, որ Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ, իսկ հայ գերիների նկատմամբ «դատավարությունները» նրանք համարել էին «ինստիտուցիոնալացված բռնապետության» դրսևորում: Ծանո՞թ եք այդ հայտարարությանը:
Այո, ծանոթ եմ և կիսում եմ բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտված են հայտարարության մեջ:Լավ կլինի, որ Կոնվենցիայի անդամ մյուսերկրների փաստաբանական համայնքները ևս հետևեն ֆրանսիացի փաստաբանների օրինակին՝ ցույց տալով իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Իսկապես, Եվրոպայի՝ որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանի հեղինակությունը վտանգված է, քանի որ մի երկիր ամենացինիկ կերպով ոտնահարում է այդ Կոնվենցիայի դրույթները՝ լինելով դրա կողմերից մեկը: Եվրոպական կառույցների կողմից միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք են կոնկրետ գործողություններ, մասնավորապես, պատժամիջոցների տեսքով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն