hysh

Խաղաղության երաշխիքը միայն ուժն է․ Ալիև

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Այդ նպատակով Արցախյան պատերազմից (խմբ․) հետո մենք անմիջապես ձեռնամուխ եղանք պաշտպանության ոլորտում խոր բարեփոխումների իրականացմանը»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Շուշիի գլոբալ մեդիաֆորումում՝ «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխությունում» ունեցած իր ելույթում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Նշելով, որ այսօր Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ էր, Ալիևն ասել է. «Մենք տեսնում ենք, որ այսօր միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են։ Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի, մենք երկար տարիներ ենթարկվել ենք այս մոտեցմանը»։

Հիշեցնելով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերման վերաբերյալ, Ալիևը հավելել է. «Երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ ստորագրությունն այդքան էլ կարևոր չէ, խաղաղության երաշխիքը միայն ուժն է»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը պետական մակարդակով նշում է, որ խաղաղության միակ տարբերակն ուժի կիրառումն է։ Այսօր բացահայտ նշվել է, որ Ադրբեջանի բանակը երեք տարվա ընթացքում մեծ բարեփոխումների է ենթարկվել, որի նպատակն է ռազմական ուժի միջոցով «խաղաղության» հասնելը։ Ադրբեջանն այլևս չի էլ թաքցնում ուժի գործոնի կիրառման իր նպատակների մասին, և ակնհայտ է, որ խաղաղություն ասելով՝ Ադրբեջանը երբեք նկատի չի ունեցել բանակցությունների միջոցով կարգավորման մասին, այլ մշտապես քողարկված ակնարկել է ուժի կիրառման մասին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն