Անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր են խաղում ԻՀՊԿ-ի նավատորմում․ Ալիռեզա Թանգսիրի
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր են խաղում ԻՀՊԿ-ի նավատորմում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Թանգսիրին միևնույն ժամանակ ընդգծել է, որ այսօր անօդաչու թռչող սարքերի օգտագործումը դարձել է ռազմածովային ուժերի հիմնական պաշտպանական ռազմավարությունը։
Նրա համոզմամբ՝ բավականին ուշագրավ է, որ անօդաչու թռչող սարքերը մշակվում են ինչպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այնպես էլ իրանական բանակի կողմից։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է, որ այս պաշտպանական նվաճումները ձեռք են բերվել՝ չնայած Իրանի դեմ կիրառված բոլոր ճնշումներին և պատժամիջոցներին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը շարունակելու է սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների զարգացման գործընթացը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում իրանական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Այս գործընթացում մեծ նշանակություն ունի հատկապես իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որոնք վերջին տարիներին տարբեր ճակատներում զգալի հաջողություններ են արձանագրում, և դրանց նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն