Իրանի հարևանության քաղաքականությունը դարձել է կայունության հարթակ․ Իրանի ԱԳ փոխնախարար
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին հայտարարել է, որ երկրի կառավարության հարևանության քաղաքականությունը, այս փուլում Իրանի և նրա հարևանների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները խթանելուց բացի, կայունության հարթակ է դարձել և խրախուսել տնտեսական համագործակցությունը: Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Իրանի փոխարտգործնախարարն ասել է Լեհաստան կատարած այցելության ժամանակ։
Հաղորդվում է, որ Ալի Բաղերի Կանին Լեհաստանում հանդիպում է ունեցել այդ երկրում գտնվող օտարերկրյա դեսպանների և դիվանագետների հետ։ Հանդիպման ժամանակ նա նշել է, որ քաղաքական փոխվստահությունը, խնդիրների լուծման համար տարածաշրջանի հնարավորություններին ապավինումը, զարգացման և առաջընթացի համար տարածաշրջանային հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաև տնտեսական կապերի ամրապնդումը հարևանության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։
Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնմանը՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ Թեհրանի և Ռիադի ռազմավարական նախաձեռնությունը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ քաղաքական հասունություն՝ տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար։ Նա նշել է, որ քաղաքական բոլոր դերակատարները ողջունել են Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը։
«Միայն սիոնիստական ռեժիմին մտահոգեց Թեհրան-Ռիադ փոխգործակցությունը, և նա նույնիսկ չկարողացավ թաքցնել իր անհանգստությունը, քանի որ այս ռեժիմի բնույթը հիմնված է լարվածության և անկայունության վրա և տարածաշրջանում անապահովության ու քաոսի միակ պատճառն է»,- հայտարարել է նա։
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայությունն ապացուցել է, որ դաշինքը ոչ միայն անվտանգություն չի հաստատում, այլև հանդես է գալիս որպես անապահովություն տարածող գործոն։ «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների քսանամյա ներկայության արդյունքն այդ երկրում թմրանյութերի արտադրության 45 անգամ աճն էր»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները վարում են հարևանության խթանման քաղաքականություն, համաձայն որի՝ տարածաշրջանային ցանկացած խնդիր պետք է լուծվի բացառապես այդ տարածաշրջանի անդամ երկրների մասնակցությամբ, ինչպես նաև դրանցում պետք է բացառվի արտատարածաշրջանային պետությունների մասնակցությունը։ Այս քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից Իսրայելի ազդեցության թուլացմանը, որոնք փորձում են ներգրավվել տարածաշրջանային տարբեր խնդիրներում։
Ավելացնել նոր մեկնաբանություն