Բանակում կադրային փոփոխություններ կլինեն․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղ պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքից հետո հայտարարել է բանակում կադրային փոփոխությունների մասին։
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել է, որ փոփոխությունները վերաբերելու են այն կառույցներին, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում տվյալ ոլորտում։
«Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են»,- ասել է Փաշինյանը։
«Որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք: Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի: Իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում ԳՇ պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում խնդիրը լուծելու համար»,- հայտարարել է Փաշինյանը։
Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Ավելացնել նոր մեկնաբանություն