«Ուզում ենք կապեր հաստատել հայ գործարարների հետ»․ Մեհմեթ Քայա
Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում այցելել են Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատ (DTSO) և հանդիպել խորհրդի նախագահ Մեհմեթ Քայայի հետ։ Հանդիպման ընթացքում Մեհմեթ Քայան անդրադարձել է Դիարբեքիրի տնտեսական ներուժին և հայ-թուրքական սահմանի բացմանը։
Նա նշել է, որ Դիարբեքիրը տարածաշրջանի առևտրային այն կարևոր կենտրոններից է, որտեղ զարգացած է գյուղատնեսությունը, տեքստիլ և մետալուրգիական արդյունաբերությունը։ Քայան նշել է, որ Դիարբեքիրը զբոսաշրջության տեսանկյունից մեծ հետաքրքրություն ներկայացնող շրջան է։ Բացի այդ էլ Թուքիայի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող տարածաշրջանն է։
«Երբ դիտարկում ենք, թե Հայաստանի հետ որ ոլորտում կարող ենք համագործակցել, առաջին հերթին զբոսաշրջությունն է նշմարվում։ Այս հողերը մեր պապերի ընդհանուր հողերն են եղել։ Ըստ իս՝ կարելի է կազմակերպել հետաքրքիր զբոսաշրջային այցեր»։
Ըստ Քայայի՝ Հայաստանն այս տարածաշրջանում կարող են դիտարկել որպես քուրդ գործարարների համար դեպի Եվրասիական տարածաշրջան դուրս գալու միջոց։ Դրա հետ մեկտեղ հայ գործարարները Դիարբեքիրում կարող են ներդրումներ անել ու Դիարբեքիրի միջոցով նաև ներդրումներ անել Իրաքում ու Սիրիայում։ Ուստի այս ամենի համար անհրաժեշտ է, որ ամբողջությամբ բացվեն սահմանները։
Մեհմեթ Քայայի դիտարկմամբ՝ եթե զարգացող կամ զարգացած երկիր ես, ապա հարևան երկրների հետ առևտրաշրջանառությունը պիտի կազմի առնվազն 50%, եթե չունես նման ցուցանիշ, ուրեմն դա արդեն խնդիր է։ Անդրադառնալով հայ գործարարների հետ հնարավոր համագործակցությանը՝ Քայան հայտնել է․
«Մենք ցանկանում ենք հայ գործարարների հետ կապեր հաստատել։ Դիարբեքիրից աժմ արտահանում է իրականացվում դեպի 85-90։ Այդ երկրների ցանկում, սակայն, Հայաստանը չկա»։ Նա հույս է հայտնել, որ շուտով Հայաստանն էլ այդ ցանկում կհայտնվի։
Պատասխանելով Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի՝ Հայաստան-Թուրքիա առևտրային կապերում Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի դերի մասին հարցին՝ Քայան նշել է, որ նախ պետք է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն, պետությունները պիտի վերացնեն առևտրի խոչընդոտները։
«Առևտուրը մեզ պես գործարարներն են զարգացնում։ Պետք է հանդիպումներ կազմակերպել հայ գործարարների հետ, միասին աշխատենք, հասկանանք՝ ինչ օրենսդրական փոփոխություններ պիտի անենք։ Դրանք պետք է ներկայացնենք մեր կառավարություններին, ասել, որ հարկավոր են նման փոփոխությունները, որպեսզի գործարարները կարողանան աշխատել»,- նշել է Քայան ու հավելել, որ այդ համատեքստում նախատեսում են այցելել Հայաստան։
Ավելացնել նոր մեկնաբանություն